«Դարի խաբեության» 10.000 «զոհերն» ԱՄՆ-ում փոխհատուցում կստանան
Ամերիկացի ֆինանսիստ Բեռնարդ Մեդոֆի խարդախության «զոհ» դարձած մոտ 10 հազար մարդ, ովքեր նախկինում մերժում են ստացել իրենց կորցրած գումարները վերադարձնելու հարցում, կկարողանան որոշակի փոխհատուցում ստանալ բազմամիլիարդանոց վնասների դիմաց։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն՝ New York Times-ին հղումով, նախկինում Ուոլ Սթրիթում հարգված ներդրող Մեդոֆը խոստովանել է, որ 2009թ. «հեջ ֆոնդի» տեսքով ֆինանսական բուրգ է ստեղծել։ Նրա գործունեության հետևանքով ներդրողները կորցրել են 17 մլրդ դոլար։
ԱՄՆ-ի սնանկացման հարցերով դաշնային դատարանը կարողացել է հավաքել Մեդոֆի՝ 9 մլրդ դոլարի ակտիվներ, բայց քանի որ տուժածների մեծ մասը եղել են այսպես կոչված՝ ոչ ուղղակի ներդրողներ, ուստի դատարանը նրանց մերժել է կորցրած գումարները վերադարձնելու հարցում։
Սակայն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հավաքել է 2.35 մլրդ դոլար, որոնք փոխանցվելու են Մեդոֆի գործունեությունից տուժած անձանց։
Ներկայում Մեդոֆը կրում է 150 տարվա իր դատավճիռը։










