Ստացվել են կործանված Boeing-ի ինքնագրերից մեկի առաջին տվյալները

15:39 • 19.11.13

ՌԴ քննչական մարմինները ստացել են նոյեմբերի 17-ին Կազանի օդանավակայանում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռի ինքնագրերից մեկի առաջին նախնական տվյալները։ Ինչպես interfax.ru-ին հաղորդել է հետաքննությանը մոտ գտնվող աղբյուրը, ապակոդավորված տեղեկությունը վկայում է երկրորդ շրջան մտնելուց առաջ ինքնաթիռում տեխնիկական խնդիրների առաջացման մասին:

 

«Նախնական տեղեկություններով՝ այնտեղ ամեն ինչ սարքին չէր, դեպքից մի քանի րոպե առաջ տեխնիկական խնդիրներ են առաջացել, ենթադրաբար՝ երկրորդ շրջան մտնելուց առաջ»,- հայտնել է աղբյուրը:

 

Նա չի մանրամասնել, թե որքան լուրջ են եղել հայտնաբերված խնդիրները: Նրա խոսքով՝ դեռ ստացվել են միայն տեղեկությունները, իսկ դրանց քննությունը դեռ չի անցկացվել: Բայց արդեն կարելի է ասել, որ երկրորդ շրջան մտնելուց առաջ ինքնաթիռի ընկնելու անմիջական պատճառը եղել է արագության պակասը: Պաշտոնապես այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձնակազմի խոսակցությունները ֆիքսող ինքնաթիռի երկրորդ ինքնագրից տեղեկությունները կորել են: