Ավստրալիայի վարչապետը ցավում է Ինդոնեզիայի նախագահին «անհարմարություններ պատճառելու համար»

10:52 • 19.11.13

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը նշել է, որ ցավում է իր երկրի հատուկ ծառայությունների կողմից իրականացված գաղտնալսումների պատճառով Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգա Յուդոյոնոյին «անհարմարություններ պատճառելու համար»։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ելույթ ունենալով Ավստրալիայի խորհրդարանում՝ Էբոտը մասնավորապես ասել է, որ ցավում է այն անհարմարության համար, որն Ինդոնեզիայի նախագահն ու նրա կինը զգացել են, երբ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել Ավստրալիայի հատուկ ծառայությունների կողմից նրանց գաղտնալսելու վերաբերյալ։

 

«Ինդոնեզիայի նախագահին համարում եմ Ավստրալիայի լավագույն բարեկամներից մեկը, և ցավում եմ նրան պատճառված անհարմարության համար»,-ասել է վարչապետը։

 

Ավստրալիայի վարչապետի հայտարարությունն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ինդոնեզիայի նախագահը հայտարարել էր Ավստրալիայի հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին։