Քերին պատմել է Սիրիայում տեղի ունեցող «նշանակալից իրադարձության» մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մի շարք պետությունների կողմից սեփական տարածքում Սիրիայի քիմիական զենքի (ՔԶ) ոչնչացման հետ կապված մերժումը չի հանգեցնում արաբական պետության քիմիական զինաթափման գործընթացի դանդաղեցմանը։
Ինչպես նշում է Взгляд-ը, պաշտոնյայի խոսքով՝ «միջազգային հանրության աչքի առաջ Սիրիայում տեղի է ունենում նշանակալից իրադարձություն»։
«Դամասկոսի ՔԶ-ն անցնում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հսկողության ներքո, որը նպատակ ունի մինչև տարեվերջ երկրից դուրս հանել ամենավտանգավոր քիմիկատները։ Եվ ես գտնում եմ, որ մենք ներկայում շարժվում ենք ըստ ծրագրի»,-ընդգծել է Քերին։
Պետքարտուղարը նաև նշել է, որ եթե որոշ երկրներ հրաժարվել են իրենց տարածքում ՔԶ-ն ոչնչացնել, ապա դա չի նշանակում, որ իրենք այլընտրանքային տարբերակներ չունեն։
Քերին նաև վստահություն է հայտնել, որ միջազգային հանրությունն օրեցօր մոտենում է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Միևնույն ժամանակ նա անդրադարձել է Սիրիայում ստեղծված «սարսափելի հումանիտար իրավիճակին»՝ մանրամասնելով, որ նախագահ Բաշար ալ Ասադն այժմ էլ օգտագործում է ժողովրդին սովամահ անելու քաղաքականությունը։










