ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում քննարկել են ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները
Մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո՝ բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ նախարարների մակարդակով հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, և այս հանդիպումը հնարավորություն է տվել անդրադառնալու քաղաքական, տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցերին։
Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ «Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը։ Սա լավ հնարավորություն է նաև քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշել է նախարար Նալբանդյանը։
Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկել են երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:
Բանակցությունների օրակարգում են եղել արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային հարթակներում համագործակցության հարցերը:
Երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳՆ-երի միջև 2014-2015 խորհրդատվությունների ծրագրի մշակման և ստորագրման մասին:
Բանակցությունների օրակարգում են նաև եղել երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը երկուստեք կարևորել են նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը։
Ի լրումն, երկու նախարարները մտքեր են փոխանակել տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։










