Ռուսաստանը Ղարաբաղը մանրադրամ է սարքելու և նվիրելու է Ադրբեջանին. Արմեն Մարտիրոսյան
Ռուսաստանը Ղարաբաղը մանրադրամ է սարքելու և նվիրելու է Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն էլ միանա Մաքսային միությանը: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՀ-ի արտաքին և ներքին մարտահրավերների մասին։
Արմեն Մարտիրոսյանը բարձրաձայնում է, որ թեև Հայաստանն ուներ ԵՄ-ի հետ զարգանալու շատ լավ հնարավորություն, սակայն ստիպողաբար ընտրեց Մաքսային միությունը, որտեղ ակնհայտորեն «հավասարը հավասարի» սկզբունքը չի գործելու։
«Մինչև հիմա որևէ մեկը չի խոսում, որ Մաքսային միությունը վերպետական կազմավորում է լինելու։ Իսկ Ասոցացման համաձայնագիրը նման խնդիր չի ենթադրում, մենք պետք է տոկոսադրույքները որոշեինք»,-ասաց նա և այլ դրական հիմնավորումներ նույնպես բերեց։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանն իրեն զրկվում է այս ամենից, որովհետև իշխանությունը ցանկանում է հարստությունը պահել։ «Իրենց հարստությունը պահելու համար անդամակցում են դեռևս իր կենսունակությունը չապացուցած, ավտորիտար ռեժիմով, կոռումպացված երկրներին»,-ասաց նա։
Արտաքին մարտահրավերների համատեքստում նա նաև դիտարկում է նաև Իրանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների դրական զարգացումը։ «Հարաբերությունները կլավացնեն, և իրանական նավթը կհոսի Արևմուտք, ինչը Ռուսաստանի համար խնդիր է»,-ասաց նա՝ ակնարկելով, որ անհեռանկար է Ռուսաստանի հետ ճանապարհ գնալը։
Խոսելով ներքին մարտահրավերներից, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անվտանգությունը որպես թիվ մեկ հիմք, ըստ էության նվազում է։ «Նույնիսկ այն, ինչ մենք անում ենք՝ տնտեսություն ենք զարգացնում, ժողովրդավարություն, ռազմական ծախսեր, անվտանգության համակարգեր ենք մտնում, դա քաղաքացու համար է, եթե նա չկա, այդ ամենն ու՞մ համար է»,-հարցրեց նա՝ մատնանշելով արտագաղթի խնդիրը և ընդգծելով, որ այս ամենի պատճառը իշխանության և բիզնեսի սերտաճումն է, կոռուպցիայի ահռելի մակարդակը և այլն։










