Սարդինիայում արտակարգ դրություն է՝ «Կլեոպատրա» փոթորկի պատճառով
Իտալիայի նախարարների խորհուրդը Սարդինիայում արտակարգ դրություն է հայտարարել, որտեղ 17 մարդ է զոհվել «Կլեոպատրա» փոթորկի առաջացրած ջրհեղեղի պատճառով, գրում է Взгляд-ը՝ հղում անելով RaiNews24 հեռուստաալիքին:
Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան ազգային ողբերգություն է անվանել կղզում տիրող իրավիճակը, որտեղ արդեն հարյուրավոր մարդիկ են տարհանվել: Մեկ մարդ համարվում է անհետ կորած: Ավելի վաղ հաղորդվում էր ինը զոհի մասին:
Ամենաշատը տուժել է հյուսիս-արևելյան Օլբիա քաղաքը:
Իրադրությունը դժվար է մնում Օլբիա և Նուորո շրջաններում, որտեղ աղետի պատճառով դադարեցվել է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը, փակվել են դպրոցներ: Կալյարի քաղաքի օդանավակայանի աշխատանքում ընդհատումներ են գրանցվել:
Հռոմում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սակայն ԶԼՄ-ները հայտնում են Տիբր գետի մակարդակի բարձրացման մասին:










