Ավարտվել է նախագահներ Սարգսյանի եւ Ալիևւի հանդիպումը (թարմացված)

15:14 • 19.11.13

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ինչին կհաջորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:


Այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը։

 

16.05

__________________________________________________________________________

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը, նրանց են միացել համանախագահները և երկու երկրների արտգործնախարարները: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր էջում:

 

16.45

____________________________________________________________________________

Ավարտվել է նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը: Այս մասին գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր էջում:

 

17.31

_____________________________________________________________________________

 

Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:

 

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից:

 

Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

 

Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»: