ԱՄՆ պետքարտուղարը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը վերաբերող հարցեր
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը, Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը:
Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:
Սերժ Սարգսյանը և Ջոն Քերին քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր։










