Հալեպի հայաշատ թաղամասում ական է ընկել
Հալեպի հայաշատ Ազիզիե թաղամասում՝ «Ալթունյան» հիվանդանոցի մոտ, երեկ ավտոմեքենայի վրա ական է ընկել։ Ականը չի պայթել, սակայն ուժգին հարվածից զոհվել է մի կին։ Կան վիրավորներ։
«Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ թիրախում հայտնված թաղամասը երթևեկության առումով աշխույժ շրջան է։
Հալեպում վերջին շաբաթվա ընթացքում դարձյալ խափանված էր էներգամատակարարումը, սակայն այն աստիճանաբար վերականգնվում է։ Հալեպում Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ մի քանի ժամ հոսանք են ունեցել։
«Բերիո լուրերի» էջը տեղեկացնում է, որ կառավարությունն անում է հնարավորը՝ էլեկտրամատակարարման խնդիրը վերացնելու համար։










