Լավագույնները մնացողներն են, իսկ գնացողները թող մատ թափ չտան, այլ գան պետության հետ վիճեն. Ալվարդ Պետրոսյան

10:08 • 20.11.13

Գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը Tert.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է ներքաղաքական իրավիճակին, արտագաղթին, ինչպես նաև հարցին, թե «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը ընդդիմությո՞ւն է, թե ոչ։ Դաշնակցական հրապարակախոսը չի հանդուրժում, որ գնացողներին լավագույն տղերք են համարում, ովքեր քիչ չի գնացել են, դեռ այնտեղից էլ մի հատ մնացողների վրա մատ են թափ տալիս։ Ալվարդ Պետրոսյանը նրանց հորդորում է, փոխարենը գալ իրենց վեճը պետությունում անել, ասելիքը՝ նույնպես այստեղ։ Նա համարում է, որ արտագաղթողները մոլորյալներ են, որոնց պետք է հետ բերել։


- Տիկին Պետրոսյան, երկրի վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չէ, մարդիկ գնում են, Դաշնակցությունը նույնիսկ արտագաղթի կասեցման ծրագիր է գրել, դժգոհում է կառավարության վարած քաղաքականությունից, բայց միևնույն ժամանակ ընդունում է իշխանության «հրավերքները» դեսպաններ ուղարկելու Գերմանիա, Սանկտ Պետերբուրգ: Ինչպե՞ս կբացատրեք, ի՞նչ է սա նշանակում, կարծես թացը չորի հետ խառնվել է ու չի հասկացվում, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն:


- Քանի անկախ Հայաստան է եղել ես ինձ միշտ հարց եմ տվել… էդ բոլորը վիրտուալ բաներ են, ընդդիմություն կամ դիմություն, ոչ հայերենով ասած: Ես այն ժամանակ, որ մեր ընկերներին հարցնում էի, որ մենք ընդդիմություն ենք, ես դաշնակցական եմ, ասում էի՝ «կարո՞ղ է էս երկրի արմատներն եմ կրծում»: Ի՞նչ է նշանակում ընդդիմություն: Մի բան, որը կարող է երկրին վնաս տալ, ես չեմ անի: Դա շատ լուրջ բան է, բայց ես իմ միտքն ունեմ, իմ գաղափարները, ես բացառիկ բարձր եմ գնահատում Վահան Հովհաննիսյանի պես բացառիկ մտավորականին, մեկ այլ բան է՝ նրան ընդունում եք, թե ոչ, բայց չեք կարող չընդունել նրա բացառիկ խարիզմատիկ, տաղանդավոր մտավորական լինելը: Եվ շատ բացառիկ քաղաքական գործիչ, ինքը բյուրեղացած է, եփված է քաղաքականության մեջ և այն մարդկանցից է, որ տեղային մասշտաբների մեջ չեն, արտաքին աշխարհի հետ փորձառություն ունի աշխատելու: Ես համարում եմ, որ իշխանությունների կողմից շատ մեծ լայնախոհություն էր, որ առաջարկեցին, որ երկրի շահն է պահանջում, Եվրոպայի սրտում գտնվող մի շատ կարևոր պետության մեջ… և նաև Վահանի համար, որովհետև Դաշնակցության նկատմամբ ընկալումը մի քիչ տարօրինակ է: Այդ նույն Դաշնակցութունը ինչքան էլ ընդդիմադիր դիրքորոշում ունի որոշ ներքին և արտաքին հարցերում, բայց իր Հայ դատի խնդիրները, այն, ինչ վերաբերում է հայդատականությանը, իր երկրի ապահովությանն ու կայունությանը, միջազգային ասպարեզում իր ձայնին, միշտ շատ լայնախոհ և ճշգրիտ է իրեն պահել:

Եվ այդ իմաստով Դաշնակցությունը մի փոքր, տեղական օրապակաս կուսակցություն չէ, համահայկական կառույց է, համահայկական գաղափարախոսություն է իր մեջ կրում ու համահայկական կենսագրություն ունի, անկախ նրանից ընդունո՞ւմ են ոմանք, չեն ընդունում: Իհարկե, Դաշնակցությունը ունեցել է վայրիվերումներ, բայց ասեմ նաև, որ եթե չլիներ Առաջին Հանրապետությունն իր սխալներով ու ճշմարտություններով, մենք այսօր այս մեկը չէինք ունենա: Հիմա, փա՛ռք Աստծո, այս հսկայական Սովետմիությունում միակ երկիրն ենք, որը հաղթանակած մտավ երրորդ հազարամյակ: Եվ արդար հաղթանակած մտավ: Մեր կողքի հարևաններին նայեք: Այս բոլորը ազգային գաղափարախոսության հետևանք էր, ազգային զարթոնք առանց դրա չէր կարող լինել, եթե չլիներ պատմական հիշողություն: Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ պատմությունը, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիաներ են, բայց մի գործ ունեմ, գրել եմ. «Կեղծվող կատեգորիաները կեղծ չեն, դուք եք կեղծել, պատմությունն էլ, գաղափարախոսության էությունն էլ կարող ես կեղծել, բայց իրականությունը կա»: Եթե չլիներ, ինչո՞ւ գնացին այդքան լուսավոր տղաներ զոհվեցին: Ինչի՞ գնացին, ուրեմն կա այդ գաղափարը, պատմական հիշողությունը՝ երկրի կորստի, ցավը … Եթե դա չլիներ 88 թվականի զարթոնքը չէր լինելու. շարունակվում էր պատմական հիշողության, պահանջատիրության, առ հայրենիք ունեցած պարտքի, ցավի էդ գրգիռը միշտ կենդանի է: Կարծում եմ՝ հիմա էլ է կենդանի:


- Վերադառնանք արտագաղթին, ամեն դեպքում, դա ձեզ չի՞ անհանգստացնում։


- Երբ մենք էս արտագաղթի մասին ենք խոսում, կարծում եմ՝ մի քիչ կեղծավորություն ենք անում: Կեղծավորաբար ասում ենք, որ լավագույնները, մեր լավագույն մտավոր ներուժը գնաց հայրենիքից, և քանի որ բազմաթիվ անգամ այս մասին խոսվել է, ինձ չեն կարող պատեհապաշտության մեջ մեղադրել, թե չէ կթվարկեմ, ասում եմ՝ լավագույնները մնացին: Մնացողներն են լավագույնները, գնացողները լավագույնները չեն, ինչ նկատառումով ուզում է՝ գնացած լինեն: Ովքեր գնում են, լավը չեն, ովքեր փախնում են, լավը չեն: Պետք է ասեմ, որ սոցիալական խնդիրներից չեն փախնում, այսինքն՝ հանապազօրյա հացի համար չէ, որ փախչում են: Ես տարիների իմ աշխատանքի, զբաղվածության, հասարակական կյանքի, տարիներ շարունակ եղել եմ Հայ օգնության միության (ՀՕՄ) Հայաստանի շրջանային վարչության կամ կենտրոնական վարչության ատենապետ, և աշխատանքի բերումով անվերջ դրսում եմ եղել: Այսինքն՝ հայկական սփյուռքը մոտիկից գիտեմ, ոչ թե գիտեմ պաշտոնական, լոզունգային, այլ գիտեմ ներսից: Եվ այնտեղ, բնականաբար, Հայաստանից գնացածներին էլ էի տեսնում, այնպիսի խեղճուկրակ պայմաններում էին գտնվում, ՀՕՄ-ը շատերին է օգնել, որովհետև այդքան չարությունից հետո ասում էինք՝ բայց մերոնք են, մի թողեք անտեր, ես էլ եմ ասել, ասել եմ՝ արդեն եկել հասել են: Ի դեպ, նույն բանը ես մեր աղանդավոր հայերի մասին եմ ասել, թեև ես իրենցից զզվում եմ, բայց ինքս ինձ վերահսկելով ասում եմ, բայց սրանք էլ են մեզնից, ասում եմ՝ այս մոլորյալ ոչխարներին պետք է ետ բերենք։ Առաջին գրգիռը թշնամանքն է, որ մի հատ եկեղեցի ունեք, դա էլ են դավաճանում, բայց հետո ասում եմ սրանց չպետք է տանեն, պետք է ամեն ինչ անենք ետ բերենք։ Նույն ձևով այստեղից գնացողներին պետք է ասել՝ հե՛տ եկեք, հողը նրանն է, ով ապրում է նրա վրա, որպես տուրիստ չեք կարող դուք ձեր սեփական հողին վերադառնալ, բայց որ իրանք լավագույնը չեն և լավագույնը, որ իրանց մասին կարող եմ ասել, իրենք մոլորյալներ են։


-Բայց միայն նրանց մեղադրելն էլ արդար չէ, ի վերջո, խնդիր կա չէ՞, որ գնում են։


- Այո, իհարկե, ես չեմ ասում, որ միայն նրանք են, բայց չեմ կարծում, որ իրանք ավելի նրբազգաց են անիրավությունների նկատմամբ կամ մեզանից ավելի մեծ աչքեր ունեն ու շատ են տեսնում, քան մենք։ Դա ի՞նչ կապ ունի իմ հայրենիքի հետ, իմ երկրի հետ։ Պետության հետ թող գան վիճեն, ոնց որ էն երեխեքն են վիճում, այսօր էլ են վիճում, երեկ էլ էին վիճում, վաղն էլ կվիճեն, թող գան իրանց միանան, թող գան փորձեն փոխել և ոչ թե այնտեղից մատ թափ տան։ Այնտեղից իրենք մատ թափ տալու իրավունք չունեն մեզ վրա։ Օրինակ՝ ինչ էր էդ Ատոմ Էգոյանը, մյուսները մատ թափ տալով ասում են ընդունեք սեռական փոքրամասնությունների իրավունքները։ Մեկը Կանադայից է, մեկը Ֆրանսիայից է, մեկը Ամերիկայից է ու ամեն մեկն իր ապրած երկրի մշակույթն իր վրա կրում է, և մենք փորձում ենք չէ՞, գոնե ես մասնակից եմ եղել, այդ առանձնահատկություններով մոտենալ սփյուռքին։


- Սփյուռքն էլ իր առանձնահատկությունն ունի, չի կարող չէ՞ անմասն մնալ այս ամեն ինչից, թե ի՞նչ է ի վերջո կատարվում իրենց հայրենիքում։


- Իհարկե, ունի, բայց ինձ ծանոթ սփյուռքը երբեք նման նամակի տակ չէր ստորագրի, ներողամտություն, հանդուրժողականություն ինչքան է լինի, որովհետև նրանք այդքան չափազանց «քաղաքակիրթ» մոտեցում չունեն իրենց երկրի նկատմամբ։ Իրենց համար կարևոր է, որ իրենց հայրենիքը, միջուկը անաղարտ մնա, իր ավանդույթները անաղարտ պահպանվի։ օրինակ՝ Մերձավոր Արևելքի հայերը ուրիշ են, ուշքս գնում է սիրիահայերի համար, ես իրանց նկատմամբ այնպիսի մեծ ակնածանք ու քնքշանք ունեմ, որովհետև այն երկիրը, որտեղ իրենք ապրում էին, նրանցից էլ շնորհակալ էին, և այն, ինչ-որ իրենք էին ստեղծել հարուստ չլինելով բնավ, և այն կապը, որ ունեին հայրենիքի հետ, ես դա գիտեմ որպես ՀՕՄ-ի ներկայացուցիչ, աղետի գոտու համար իրենց նվազ հնարավորություններից առավելագույնն էին ուղարկում, և մենք այսօր պարտավոր ենք Հայաստանում մեր սիրտը, մեր գրպանը, ամեն ինչ նրանց համար բացել։


-Իսկ նույն սիրիահայերը, ըստ Ձեզ, ստանո՞ւմ են հայրենիքից այդքան անհրաժեշտ օգնություն։


- Ես ուղղակի երազելով երազում եմ, կարող է սարսափելի բան եմ ասում, բայց ասեմ էլի, երազում եմ, որ Ղամիշլիի հայերը վերադառնան մեր ազատագրված տարածքներում ապրեն, որովհետև դա այն տեսակն է, որ ինչպես կազակները եղել են ռուսների համար, մի ձեռքը բահ, մի ձեռքը հրացանը, այ այդպես պահեն մեր հողը։ ինչ գյուղատնտեսներ են, փայլուն, ոնց որ Շահումյանի, Գետաշենի հայերն են։ Իհարկե, ոչ բոլորը, օրինակ՝ ես երազում եմ, որ Հալեպի մտավորականները, ոսկերիչները Հայաստանում աշխատեն, ատաղծագործները աշխատեն, ոսկեձեռիկ կանայք, ոսկեձեռիկ տղամարդիկ մնան ու արարեն, իրենց համեստ ու զուսպ, մեր մայր գաղթօջախի փորձը տան մեզ։ Նրանք ինչ-որ կարողացել, արել են, եթե պետք է եղել զոհվել, զոհվել են, նվիրատվություն է պետք՝ արել են ու էլի կանեն։


- Բայց փաստ է, որ նույն սիրիահայերն էլ գալիս են տեսնում երկրի վիճակը և գնալու մասին են մտածում։


-Ոչ բոլորը, դա արդեն մի հարց է, որը ես չեմ ուզում նույնիսկ բարձրացնել։ Դե, իհարկե, մենակ «Արի տունով» չի էլի, տուն պետք է լինի, որ գան և մարդիկ գնում են։ Դրանցը տարբեր է, պետք է նոր գան, արմատակալեն։ Ախր սփյուռքի համար հայրենիքը բանաստեղծություն է, ինչը սփյուռքի ամենամեծ թերությունն է, մի կողմից քաղցր է, համ ես կարեկցում եմ, հիշում եմ, Սերոբը Տորոնտոյից, որ հայ մարմնավաճառուհի իր սենյակի դուռը թակել էր, 95 թիվն էր, հեկեկալով հսկա տղամարդը լացում էր ու ասում էր, թե ոտքդ կոտրվեր, չգայիր, ու ես տեսնեի, ոնց հայ կինը մարմնավաճառ է։ Մենք հանգստացնում էինք ես ու ամուսինս, որ սա էլ է երկիր, սա բանաստեղծություն չի Սևակ կամ Շիրազ չի, երկիր է, գողեր էլ կան, ավազակներ էլ կան, մարմնավաճառներ էլ կան, կաշառակերներ էլ կան, այն ժամանակ դեռ քիչ էր, բայց հայրենիքը մի նայեք կապույտ թռչունի նման էլի, այդպես չի, իրենք պետք է վարժվեն, դեռ մեծ մասը չի վարժվել, ու իրենց համար հայրենիքը Խոր վիրապն է՝ Մասիսի ֆոնի վրա, ու մեկ էլ գալիս է տեսնում, որ կյանքն ու առօրյան այլ է։ Այսինքն՝ մի մասը գալիս է, դեռ այդ բանաստեղծությունն իր մեջ մարած չի, բայց դեռ լավ չեն պատկերացնում, որ յոթնապատիկ խոցված Տիրամորն էլ պետք է սիրել։


Արտագաղթը միայն մեր բեռը չէ, ոչ էլ սփյուռքն է միայն հայերով։ Ուրիշ երկրներում էլ նույն վիճակն է, նույն Միացյալ Նահանգներում գնացեք տեսեք իտալական թաղամաս կա, հունական, ուկրաինական, ռուսական, կտեսնեք, որ գերհզոր երկրներից ոնց են գնում։ Ես դա ասում եմ ոչ թե պաշտպանելու համար, այլ ուզում եմ ասել, որ մենք, մամուլը հատկապես, խուճապ է, վերջ, վերջանում է, արմագեդոն է լինելու։ Չի կարելի, պետք է շատ սթափ նայել, իհարկե այդ բոլորը չի նշանակում, որ դժոխքի դռան առաջ չպետք է կանգնեն բոլոր կաշառակերները, բոլոր տականքները, որոնք իրավապահ համակարգում են ու ստորություն են անում, որովհետև ոչ ազնիվ մի մարդն ու ոչ ազնիվ ոստիկանը համարժեք չեն, ոստիկանը համակարգն է փչացնում։


- Բայց շարքային ոստիկանը չի կարող լինել իրեն թույլ տալ ձեռքը մեկնել կաշառք վերցնել, եթե վերևներում այդ ամենը չլինի։ Նախագահն ասում է գլխից պետք է բռնել, բայց տեսնում ենք, որ մտադրություն չկա գլխից բռնելու։ Նույն Սուրիկ Խաչատրյանը և շատ օլիգարխներ այս երկրում առանձնակի իրավունքներ ունեն։


- Սուրիկ Խաչատրյանն ինձ համար անտանելի մի բան է։ Ես բոլոր հարցերին չեմ կարող պատասխանել, կասեր Հախվերդյանը, ես չգիտեմ էլի մենք այդ անձեռնմխելի կաստայից երբ ենք ազատվելու, հղփացած, փիս, ես մանրամասներ չգիտեմ, չեմ ուզում բաներ ասել, բայց մեկ-մեկ պետք է կարողանան զսպել այդ մարդկանց՝ հանուն երկրի ու օրենքի, որ այս մարդիկ խուճապից չփախչեն։ Անշուշտ, իրենց համար օգտակար գործակից ունեցող մարդկանց պետք է կարողանա պատժել։


-Նույնը Փակ շուկայի հարցում էլ, գերատեսչություններից ոչ մեկն իրավունք չի տվել շահագործման, բայց չեն էլ կարողանում սեփականատիրոջ ձեռքը բռնել։


-Փակ շուկայի հարցում հավատո՞ւմ եք, 14 տարի աշխատել ենք ԱԺ-ում, բայց ես ու Սամվել Ալեքսանյանն իրար չէինք բարևում։ Ես մի քիչ փակ մարդ եմ ու իմ երամի թռչունների հետ եմ շփվում, սա բնավ քաղքենիություն չի, Ռուբեն Գևորգյանի հետ շփվում էի, որովհետև լավ, թե վատ նրա մեջ բանաստեղծություն կար։ Ես դրա համար չեմ կարող ինչ-որ բան ասել, բայց ես չեմ տեսել շուկան լավն է, թե վատն է, ուրիշների կարծիքն էլ չեմ ուզում կիսեմ։ Բայց օրինակ՝ Արաբկիրի շուկան կա, բոլորը դրսում են: Եթե չի օգտագործվում և իր ֆունկցիոնալ դերը կորցրել է, թող անեն: Այն շուկան շատ լավ շենք էր։ Բայց ամեն ինչ դարձնել աղմուկ աղաղակի թեմա, ինձ համար ընդունելի չէ: Ախր դուք չեք տեսել պատմական Երևանը, դա լրիվ կարիճանոց էր, մենք այդտեղ ընկերներ ունեինք և այդտեղ այլևս չէր լինում ապրել, այլ բան թե նորմալ բնակարաններով ապահովեցին բնակիչներին, թե ոչ: Մոսկվայում էլ քանդում են Հին Ռոսիա հյուրանոցը: Քաղաքը աճող ու փոխվող օրգանիզմ է: Անվերջ չի կարող լինել, ուրախ կլինեի, որ խռուշչյովկաները քանդվեին, շենքերը լավը չեն ու կառուցվեց 50 տարվա համար: Բայց մերը պարզվեց, որ հիմքերը նստում են ու այդտեղ մարդիկ են ապրում, որ մինչև տները գլխներին չփլվի չեն քանդի:

- Ձեզ Հյուսիսային պողոտան դո՞ւր է գալիս, մի տեսակ սառը չի՞, անկենդան։


- Կկանաչապատվի ոչինչ, համբերենք կկանաչապատվի: Անընդհատ Նարեկ Սարգսյանի անունն են տալիս, բայց նա ընդամենը երկու շենք է կառուցել: Ես չեմ թաքցնում, նա իմ բարեկամն է, և ես նրան բարձր եմ գնահատում: Մյուսները ասպարեզում չկան, ամբողջ հարվածները գնում են Նարեկ Սարգսյանի վրա, բայց այստեղ պետք է քանդվեր, չէր կարող այդ կարիճանոցը մնալ: Քարեր էլ չէին` կավաշեն:


- Ձեր մոտ տպավորություն չկա, որ միջազգային հարաբերություններում, վերջին հաղթանակից հետո Հայաստանը մշտապես խեղճ վիճակում է, և բոլոր այդ հարցերում պարտված է դուրս գալիս:


-Մենք երբեք պարտված դուրս չենք եկել, որովհետև հայկական գործոնը բոլորին ճաքացրել է։ Ճիշտ է ծովից ծով Հայաստանը չկա, բայց սիրված հարևանների կողքին միակ Հայաստանն է, որ իր փոքրիկ թեկուզ դրախտային տարածքը հետ է բերել:


- Նույն Արցախի հարցում էլ քիչ չեն մտահոգությունները, հատկապես վերջին շրջանում, երբ Հայաստանը հայտնեց ՄՄ-ին անդամակցելու իր ցանկության մասին։


- Ռուսաստանը երկիր է, որտեղ ինչ ազգ ասես, որ չկա: Այ այն մարդը, որ վթարի պատճառ դարձավ, նրան խալաթով նստացրին: Դա սարքած էր չէ՞: Բայց երեկ էլ նայում էի հեռուստացույցով Ռուբեն Մարգարյանը Ռուսաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկն է, հայտարարեց, որ դատի կտա դրա համար։ Քննիչն էլ է հայ, հստակ է, որ արյունը մեջը խոսել է: Հայկական գործոն կա, ոչ հարուստ Հայաստանը որոշեց, որ ինքը միշտ եղել է այնտեղ ու էլի պետք է լինի: Հայկական եկեղեցին ավագության իրավունքով Հռոմի պապից առաջ պետք է նստի, սա իսկապես եմ ասում առանց հայկական իմ սնափառության: Եվ ասեմ, նրանք մեզ հարգում են, ինչքան էլ թփրտանք, բայց պատմությունը իրանն անում է: Երբեք մի օր չեմ մտածել, որ մենք պարտվել ենք: Սուրիկ Խաչատրյան, էլ չգիտեմ Վարդանիկ Ղուկասյանն էլ, չգիտեմ ով, կգան-կգնան: Սաղ անցողիկ բաներ են, ժողովուրդն է երկրի տերը ... կանցնեն լավ և վատ կաթողիկոսները, լավ և վատ նախագահները, ինչպես Շուշանյանն է ասում՝ մեր երեխաները կմնան տերը: Իմ երեխաներն էլ շատ տեղեր են գնում-գալիս, երբեք չեն մտածել, որ կարող են ուրիշ տեղ ապրել։