Արժի ամրացնել ռուսերենը՝ տուրք չտալով այն նկրտումներին, որոնք կբերեն հայ մանուկի մայրենիի կորստին. Աշոտ Մանուչարյան

21:54 • 20.11.13

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում խոսել է Մաքսային միությանն անդամակցության համատեքստում Հայաստանում ռուսերեն լեզվին հատուկ կարգավիճակ տալու՝ ռուս պաշտոնյաների հայտարարությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ արժի ռուսերենն ամրացնել, խորացնել,իհարկե՝ տուրք չտալով այն նկրտումներին, որոնք հանգեցնելու են հայ մանուկի՝ սեփական մայրենիի ամբողջականությունը կորցնելուն:

 

-Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին ռուս պաշտոնյաների շեշտադրումներն արդյո՞ք մտահոգությունների տեղիք չեն տալիս:

 

-Կան մտահոգություններ՝ ըստ էության և՝ արհեստական: Արհեստական մտահոգությունների դաշտը վերջին 25 տարվա ընթացքում մեզ բերել է շատ ծայրահեղ լուծումների: Ռուսերենը մեզ համար համաշխարհային մշակույթին ծանոթանալու լեզու էր: Խորհրդային միության տարիներին մեր միակ համաշխարհային լեզուն, որին ծանոթ էինք, ուսերենն էր: Եվ մեր ժողովուրդն, ընդհանուր առմամբ, տիրապետում էր ռուսերենին: Հետո մենք որոշեցինք, որ դա մեզ պետք չէ: Հարձակման մի մասը շատ տեղին է, այն, որ հայ մանուկը պետք է հայերենով սովորի, որովհետև լեզվամտածողությունը շատ կարևոր է: Անընդունելի է, որ հայ մանուկը հիմնական կրթություն ստանա ռուսերենով, բայց դրա իմացությունը շատ կարևոր է և մեր հարստությունն է: Ճիշտ էր այն, ինչ պետք է անեինք, բայց չպետք է անեինք մի բան՝ ռուսերենից զրկելը: Իսկ ամենակոպիտ սխալն այն էր, որ Ադրբեջանից Հայաստան եկած մեր հայրենակիցները չէին կարողանում իրենց երեխաներին նորմալ ուսում տալ, և նրանց՝ այստեղից հեռանալու հիմնական պատճառը դա էր: Մենք շատ արագ կազմակերպեցինք անցումը, որպեսզի այդ երեխաները տիրապետեն հայերենին, արդյունքում՝ մենք նրանց կորցրինք: Այդ մարդիկ հիմնականում՝ Բաքվի հին քաղաքային բնակիչներն էին, և մենք ունեինք շատ կարևոր հայ մտավորականություն, ովքեր մեկնեցին այստեղից հենց այն պատճառով, որ մենք լեզվի խնդիր ստեղծեցինք:

 

Ռուսական մշակույթի այն կողմը, որ փորձում է համաշխարհային մշակույթը վերցնել և իրենը դարձնել, մենք դժվար թե որևէ մշակույթում հանդիպենք: Այսինքն՝ որպես հարազատ է ներկայացնում այլ մշակույթները: Սա մարդկության հարստությունն է, և նաև՝  մենք ինչ չափով ծանոթ ենք մարդկության մշակույթին, ծանոթ ենք հենց ռուսերենի միջոցով: Պետք է ասել, որ ռուսերենը մենք որոշ չափով կորցրել ենք, բայց դեռ զգալի լավ ենք տիրապետում այդ լեզվին, քան՝ անգլերենին: Անգլերենի այդչափ իմացությունը չի բերում ռուսերենի հաղորդած ողջ հարստությունը, երկրորդն էլ՝ դա մեզնից մեծ ջանքեր և ծախսեր է պահանջելու, մինչդեռ ռուսերենին բավականաչափ տիրապետում ենք, և արժի ամրացնել, խորացնել դա, իհարկե՝ տուրք չտալով հայ մանուկի՝ սեփական մայրենիի ամբողջականությունը կորցնելու՝ ոմանց նկրտումներին: Դա հիմքն է, որի վրա պետք է կառուցվի ռուսերենի իմացությունը:

 

-Հայաստանում ռուսերենը աշխատանքային լեզու համարելու, ինչպես նաև՝ պաշտոնական փաստաթղթերը ռուսերեն դարձնելու տեսակետների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

 

-Եթե ինտեգրացման երևույթներ լինեն, ապա ինչ-որ լեզուներ պետք է ընդունվեն որպես աշխատանքային: Եթե ՄԱԿ-ն ընդունել է մի շարք լեզուներ, ապա ցանկացած ինտեգրացիոն կառույց այդպիսի առաջարկ կարող է անել: Իհարկե՝ակնհայտ է, որ Ռուսաստանը՝ որպես խոշոր երկիր, ավելի հեշտ է իրականացնում այդ աշխատանքները, ուղղակի պետք է աշխատանքայինը չխառնել ուրիշ նկրտումների հետ, որոնք կապ ունեն իրենց կամքը կամ՝ ինչ-որ կարգավիճակ թելադրելու հետ: Եթե, իրոք, աշխատանքի համար է պետք, ապա այդ քայլերին պետք է գնալ, այլապես՝պետք է մերժել, եթե դա այլ նպատակներով է առաջարկվում:

 

-Ի՞նչ նկատի ունեք՝ ուրիշ նպատակներ ասելով:



-Օրինակ՝ եթե փորձ կատարվեր դրա հաշվին սահմանափակել պետական լեզվի շրջանառությունն այս կամ այն ոլորտում: Եթե այսպիսի սահմանափակումներ լինեն, իհարկե՝ մերժելի են: Ութսունականների սկզբին Մաշտոց միավորումը պայքար սկսեց, որովհետև ռուսերենը շատ էր խորացել: Բայց դա հասավ նրան, որ այսօր քաղաքի ցուցափեղկերը ողողված են անգլերենով, օրինակ՝ անգլերեն գրված է table, նույն բանը հայերենով է գրված: Բայց սա ոչ ոք չի նկատում: Եթե դա լիներ ռուսերեն, մի քանի կազմակերպություններ բողոքի ալիք կբարձրացնեին: Ինձ մտահոգում է այն, որ այդ կազմակերպությունները ոչ թե լուծում են մեր հարցերը, այլ՝ ուզում են հերթական հակառուսական քայլն անել: Ընդհանրապես՝ հակա քայլերը ողջունելի չեն: Պետք է հաստատել սեփականը, իսկ մյուսների հետ գտնել երկխոսության ուղիներ: Մենք այստեղ ունենք մի հսկայական բանակ, որը պայքարում է ամեն մի ռուսական բանի դեմ, ինչը բացարձակապես մերժելի է:

 


-Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում արդյո՞ք մայրենի լեզվին ուղղված վտանգներ չեք տեսնում:

 

-Լեզվի հետ կապված մեր վտանգները կարող են առաջանալ միայն այն պատճառով, որ մեզ մոտ իշխանավորներ կան, որոնք անվերապահ տրվում են ամեն ինչին, օրինակ՝ կարող են տրվել գենդերային փիլիսոփայությանը, որը բացարձակ կործանում է Հայաստանը, և հիմա շատ դժվար են դրանից հրաժարվում: Անկասկած՝ կարող են վաղը տրվել ռուսերենին, եթե պարզվի, որ այդ ռուսերենի հետ գալիս է փողը և իշխանությունը: Մենք պետք է կարողանանք մեր ինքնության հաստատմամբ, պահպանմամբ գործենք, պետք է հաստատենք այն, ինչ որ կանք և պետք է լինենք, և խորը համագործակցենք թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ:

 

-Հայաստանի իշխանությունների «խաղերը», ինչպես ասում են որոշ ընդդիմադիրներ, արդյո՞ք կարող են տանել նրան, որ չնեղացնելով Ռուսաստանին՝ համագործակցեն նաև Եվրոպայի հետ:

 


-Մեր իշխանությունները խաղալու տեղ չունեն: Նրանք ի վիճակի են խաղալ, եթե հենվում են ժողովրդի վրա, եթե ժողովրդի շահերն են ներկայացնում: Բայց մեր իշխանությունները ձևավորվում են դրսից: Իշխանությունները, հասարակական, քաղաքական և ինֆորմացիոն դաշտը բացարձակ մանիպուլատիվ է դրսի համար: Եվ այդ տեսակետից խաղ չկա, անում են այն, ինչ ասում են իրենց: Նրանք ավելի շատ՝ բիլիարդի գնդիկներ են հիշեցնում: Բացառապես դրսից է որոշվում ամեն ինչը: Մեր իշխանությունները խորը համաձայնության են եկել անգլոսաքսերի հետ և նրանց թույլտվությամբ կատարեցին այն, ինչ պահանջեց Ռուսաստանը: 


Ռուսաստանի բացերն առաջինը ես պետք է նկատեմ և ասեմ, որովհետև, եթե ես եմ ասում Ռուսաստանին, դա ընկալվում է որպես բարեկամի խոսք: Ես չեմ ամաչում՝ ասել Ռուսաստանին իր սխալները: