Սովետական միության ժամանակ էր, որ այլախոհներին տանում էին հոգեբուժական հիվանդանոց. Ավետիք Իշխանյան
Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի` գուցե «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել, սակայն եթե պարզվի, որ դրա կարիքը իրականում՝ չկար, կնշանակի, որ Հայաստանը վերադարձել է Խորհրդային կարգեր: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպանը:
«Սովետական միության ժամանակ էր, որ այլախոհներին տանում էին հոգեբուժական հիվանդանոց»,-ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում երեկ բավարարել է քննիչի միջնորդությունը` Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառելով դատահոգեբուժական փորձաքննություն: Նա դատարանի դահլիճից երկու ամսով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան:
Դիտարկմանը, թե՝ 2008-ին Շանթ Հարությանյանը ճանաչվել էր անմեղսունակ, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ այն ժամանակ նրա հետ կատարվել էր մի բան, որ կարող է լինել ցանկացած առողջ մարդու հետ:
«Ո´չ թե անմեղսունակ է ճանաչվել, այլ մարդն այդ պահին չի գիտակցել, թե ինչ է արել: Դա ամեն մարդու հետ էլ կարող է լինել»,-ասաց նա:
Ինքը՝ իրավապաշտպանը, Շանթ Հարությունյանի՝ նոյեմբերի 5-ին դրսևորած պահվածքը դիտարկում է որպես ստեղծված իրավիճակի հետ չհամակերպվող մարդու պահվածք:
«Նա չի հարմարվել, ինչպես բոլորն են հարմարվել: Սա իր բողոքի ակցիան էր, որով ուզում էր ասել, որ այսպես այլևս ապրել չի կարելի: Նա ասել էր, որ շատ լավ գիտակցում է իր քայլերը, նա իր եզրույթի մեջ հստակ ասաց՝ չի ուզում իրեն կամրջից ցած նետել, և որ կա երկու տարբերակ՝ կա´մ հարմարվել իրավիճակին, կա´մ էլ՝արտահայտել իր բողոքը»,-ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ փորձել էր Երևանի Մաշտոցի պողոտայով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն ոստիկանությունը թույլ չտվեց նրանց՝ շարունակել երթը, ինչի հետևանքով բախումներ տեղի ունեցան, ձերբակալվեց ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։










