Վրաստանի վարչապետ լինելը մեծ պատիվ է ինձ համար. Գարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ լինելը մեծ պատիվ է ինձ համար. հայտարարել է այդ պաշտոնում առաջադրված Իրակլի Գարիբաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Գարիբաշվիլիի խոսքով՝ ինքը կանի հնարավորը, որպեսզի արդարացնի Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիայի մեծ վստահությունը։
«Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանք» կոալիցիան վստահել են ինձ։ Վրաստանի վարչապետ լինելը մեծ պատիվ է ինձ համար, միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ այդ վստահությունը, և ջանք չեմ խնայի մեր երկրին ծառայելու համար»,-ասել է Գարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ անցնող տարվա ընթացքում Վրաստանը ցույց է տվել, որ իր տեղը քաղաքակիրթ երկրների շարքում է։
Վրաստանի վարչապետի թեկնածուն հայտարարել է, որ չնայած իշխանափոխությանը, երկրի արտաքին քաղաքական կուրսը, որի առաջնահերթությունը Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելն է, չի փոխվելու։
«Արտաքին քաղաքականության հարցում մենք շարունակելու ենք ձգտել դեպի ԵՄ և ՆԱՏՕ։ Դա մեր ընտրությունն է, մեր կառավարության, մեր ժողովրդի ընտրությունը»,-ասել է Գարիբաշվիլին։










