Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Սան Պաուլոյում

15:36 • 20.11.13

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Բրազիլիա, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:


ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:


Սան Պաուլոյում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրազիլիայում ՀՀ հյուպատոսություն, որտեղ հանդիպել է հյուպատոսության աշխատակազմի հետ:


Հովիկ Աբրահամյանը հայ-բրազիլական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանին պարգևատրել է ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահը բարձր է գնահատել տիկին Բուրմայանի գործունեությունը և այն բարեգործությունը, որը նրա ընտանիքը իրականացնում է Հայաստանում և Արցախում:


Սան Պաուլոյի Հայկական ակումբում ԱԺ նախագահը հանդիպել է Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել է համալիրին: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կարևորել Հայաստանի և սփյուռքի համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:


ՀՀ ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում է եղել, որտեղ մի շարք հարցեր են քննարկվել Բրազիլիայում գործող հայկական կառույցների անդամների հետ։


Սան Պաուլոյում ԱԺ նախագահը և պատվիրակության անդամներն այցելել են Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական եկեղեցի, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հովիկ Աբրահամյանը հանդիպել է վարչական խորհրդի անդամների հետ, ինչպես նաև Սան Պաուլոյում գործող Դուրյան վարժարանի սաների և ուսուցիչների հետ:


Սան Պաուլոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի հետ:


Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Ֆերնանդո Հադդադը կարևորել է ՀՀ ԱԺ նախագահի այցը Բրազիլիա և համոզմունք հայտնել, որ այն կխթանի հայ-բրազիլական հարաբերությունները տարբեր ոլորտներում:


Նա բարձր է գնահատել հայ համայնքի գործունեությունը և ներդրումը Սան Պաուլոյի զարգացման գործում: Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնեց ամբողջությամբ հոգալու բրազիլահայ այն ուսանողներիի ուսման ծախսերը, ովքեր ցանկություն կհայտնեն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում:


Ներկայացնելով քաղաքը և Սան Պաուլոյի կառավարման համակարգը` Ֆերնանդո Հադդադը նշել է, որ Սան Պաուլոն Բրազիլիայի ամենախոշոր քաղաքն է. տարածքը կազմում է 1523 քառ. կմ, բնակչության թիվը արվարձաններով մոտ 21 միլիոն է,ՀՆԱ-ն կազմում է Բրազիլիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը: Քաղաքապետը ընտրվում է ուղիղ ընտրություններով` չորս տարի ժամկետով:


ԱԺ նախագահը նշել է, որ Բրազիլիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ամուր հիմքերի վրա են և կարևորել Բրազիլիայի նման տնտեսապես հզոր և միջազգային ասպարեզում ծանր կշիռ ունեցող երկրի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը:


Նա շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար և նշել, որ Սան Պաուլոն հանդիսանում է ամենահայաշատ քաղաքը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում:


Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հովիկ Աբրահամյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը և միջռեգիոնալ հարաբերությունների հաստատումը, ինչը մեծ դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների միջև ակտիվ գործնական կապեր ձևավորելու և դրանք ավելի ընդլայնելու հարցում:


Այս համատեքստում նա գոհունակությամբ փաստել է Երևանը և Սան Պաուլոն քույր քաղաքներ հռչակելու փաստը, ինչը հիմք դրեց երկու քաղաքներում կրթական և մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև հայ և բրազիլացի ժողովուրդների միջև հարաբերությունների ջերմացմանը:


Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահված միջխորհրդարանական կապերին և համոզմունք հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը: