Փորձաքննության համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը խախտել է երթևեկության կանոնները

14:25 • 20.11.13

«ԿամԱզ» մակնիշի մեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Պոդոլսկ շրջանում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի համար, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել։ Փորձաքննության համաձայն՝ նա խախտել է երթևեկության կանոնները։ Նրան 7 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է ДНИ.ru-ն։

 

«Մայրաքաղաքի ոստիկանության գլխավոր քննչական վարչություն ստացվել են դատահոգեբանական և ավտոտեխնիկական 3 փորձաքննությունների արդյունքները, որոնք նշանակվել էին Նոր Մոսկվա կոչվող տարածքում «ԿամԱզ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի քրեական գործով։ Ավտոտեխնիկական փորձաքննության արդյունքներից հետևում է, որ վարորդի գործողություններում նկատվել են ճանապարհային երթևեկության, ինչպես նաև ավտոմեքենայի շահագործման կանոնների խախտումներ»,- նշում է ՆԳՆ Գլխավոր վարչությունը։

 

Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը։

«Ցանկանալով խուսափել խաչմերուկին դիմացից արգելակող և կանգնած մեքենաների հետ բախումից և, որպես հետևանք, բազմաթիվ զոհերից՝ վարորդը սխալ որոշում է կայացրել՝ դուրս գալ հանդիպակաց երթևեկության գոտի, որն ազատ է եղել։ Հարությունյանը նշել է, որ ավտոմեքենան չի արձագանքել արգելակման ոտնակի սեղմմանը»,- հայտնել է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը։

 

Նրա խոսքով՝ Հարությունյանն անկեղծորեն ցավում է պատահածի համար, հասկանում է մտերիմների և հարազատների կորստի ցավը, քանի որ ինքն էլ մեկ տարի առաջ կորցրել է որդուն։

«Նա ներողություն է խնդրում զոհերի և տուժածների հարազատներից և հասկանում է, որ ոչ մի կերպ չի կարող քավել իր մեղքը նրանց առաջ»,- փոխանցել է փաստաբանը։

 

Մեղադրյալը դեռևս գտնվում է կալանքի տակ։ Համաձայն վերջին որոշման՝ Հարությունյանը կալանքի տակ կգտնվի մինչ դեկտեմբերի 14-ը։