«Ես ասում եմ շնորհակալություն». վրացիները ֆեյսբուքյան էջի միջոցով երախտագիտություն են հայտնում հեռացող Իվանիշվիլիին
Facebook սոցիալական ցանցում նոր էջ է ստեղծվել՝ նվիրված Վրաստանի՝ պաշտոնից հեռացող վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին։
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը, էջը կոչվում է «Ես ասում եմ շնորհակալություն»։ Խմբի անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնում մեկ տարի պաշտոնավարած Իվանիշվիլիին։
Նոյեմբերի 18-ին ստեղծված էջն արդեն «հավանել» է ավելի քան 9.000 մարդ։
«Նրանք, ովքեր ցանկանում են շնորհակալություն հայտնել Իվանիշվիլիին՝ երկրին ծառայելու համար, կարող են մեզ ուղարկել իրենց խոսքերը կամ լուսանկարներ, որոնք մենք հաճույքով կհրապարակենք»,-գրել են էջը ստեղծողները։
Բիձինա Իվանիշվիլին վարչապետ է դարձել նրա ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիայի՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։
Ի սկզբանե նա հայտարարել էր, որ մտադիր չէ քաղաքականության մեջ երկար մնալ։
2013թ.-ին կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո նա ներկայացրել է վարչապետի պաշտոնի իր թեկնածուին՝ Իրակլի Գարիբաշվիլիին։










