ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարություն է արել Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո

09:24 • 20.11.13

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լեոնիդ Կոժարան Վիեննայում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է osce.org կայքը։

 

«Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կօժանդակի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև դրական խթան կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար»,-ասել է Կոժարան։

 

Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ նման բնույթի բանակցությունները խաղաղության, կայունության հիմք են տալիս և տարածաշրջանային համագործակցության համար նոր հնարավորություններ են բացում։

 

Կոժարան նաև հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է  ապագայում ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ԼՂ հիմնախնդրի՝ միջազգային օրենքի վրա հիմնված խաղաղ կարգավորման հասնելու համար։