ՀԱԿ-ը հաշվարկել է՝ Հայաստանում եկամուտների ու ծախսերի թալանը տարեկան կազմում է շուրջ 2.5 մլրդ դոլար

13:26 • 20.11.13

Հայաստանում եկամուտների ու ծախսերի թալանը տարեկան կազմում է շուրջ 2.5 մլրդ դոլար, որը հարկատուների փողերից հոսում է ուղիղ բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները: Նման հաշվարկներ է արել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իրենք կազմել և Կառավարությանը նոյեմբերի 5-ին հարցապնդում են ուղարկել «Համախմբված ու համակարգված կոռուպցիայի մասին», որը պետք է դեկտեմբերի 3-ին քննարկվի ԱԺ լիագումար նիստին:

 

«Մեր հարցադրումներում ցույց ենք տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են: Մենք փորձել ենք հավաքել այն ակնհայտ փաստերը, որոնք այդպես էլ պատասխան չստացան: Հիմա Կառավարությանը հնարավորություն ենք տվել մեր ներկայացրած փաստերի վերաբերյալ պատասխաններ տալ»,-ասաց նա:

 

Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ պետական բյուջեի թալանը տեղի է ունենում փողը մինչև բյուջե հասնելը, ոչ թե դրանից հետո:

 

«Հրանտ Բագրատյանը իրավացիորեն երեկ ասել էր, որ ներկայացված փաստաթղթում բացակայում է եկամուտների մասը: Թալանը տեղի է ունենում հենց այդտեղ: Տարեկան եկամուտների թալանը կազմում է 1.8 մլրդ. ԱՄՆ դոլար: Բնակաբար սա ահավոր մեծ գումար է, որը, եթե չթալանվեր, Հայաստանը կարող էր դառնալ ծաղկող երկիր: Երկրորդ հանգամանքը, որին ուշադրություն ենք դարձնում, վարչապետի օֆշորային սկանդալի մոռացված թվերի փաստն է՝ 1մլն. 667 հազ. ԱՄՆ դոլար: Ոչ մի ներդրող վստահություն չի կարող ունենալ Հայաստանի նկատմամբ, եթե կես տարի է՝ վարչապետը չի կարողանում ապացուցել, որ խառնված չէ այս սկանդալի մեջ»,-ասաց նա:

 

Պատգամավորը նշեց, որ ևս մեկ խնդիր է այն, որ «Արմավիա» ավիաընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 7 մլրդ 35 մլն դրամ՝ կառավարության հովանավորությամբ:

 

«Միհրան Պողոսյանը պետական բյուջեի հաշվին ինքն իրենից մեքենաներ է գնում: Մյուս խնդիրը՝ «Ֆլեշ» գործընկերությունից դիզվառելիքի գնումն է, որը ևս կատարվել է կոռուպցիոն սխեմայով: Մեկ այլ բնագավառ. պարզվում է, որ ապահովագրական ընկերությունները կառավարության որոշումով ստացել են 10 մլրդ. դրամ՝ քաղծառայողների բուժսպասարկումը իրականացնելու համար, բայց մատուցել են 4 մլրդ դրամի ծառայություններ: Այսինքն 6 մլրդ. դրամ շահել են»,-թվարկեց նա և տեղեկացրեց, որ ուսումնասիրել են բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը և Կառավարությունից պահանջելու են բացատրել, թե ինչպես են հարստանում երկար տարիներ պետական աշխատավարձ ստացող անձինք:

 

Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրենք Կառավարությանը հարցնելու են, թե ի՞նչ են արել՝ բացահայտելու, պատժելու ու բուրգային կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ:

 

«Իհարկե, սա նման է նրան, թե դահճին հարցնես՝ արդյո՞ք մարդասիրական նոպաներ չի ունենում կամ խիղճը չի տանջում, որ այդքան մարդ է սպանել: Մեզ հետաքրքրում է, թե ինչպես են նրանք հասարակությանն այս ամենը բացատրելու: Կարևոր է սա ներկայացնելը ժողովրդին ու Կառավարությունից պահանջել պատասխան իրենց կատարած հանցագործությունների համար: Մենք ակնկալիք չունենք, թե մեկ ակնթարթում ինքնախարազանմամբ կզբաղվեն, հրաժարական կտան, բայց մենք թեժացնում ենք իրավիճակը, անում ենք քայլ, որը ժողովրդին պետք է մոբիլիզացնի ավազակապետության դեմ»,-ասաց նա: