Պուերտո Ռիկոյում «մարել է» Laguna Grande լուսարձակող նեղուցը
Պուերտո Ռիկոյում «մարել է» բնության եզակի երևույթներից մեկը՝ Laguna Grande լուսարձակող նեղուցը:
Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ նեղուցը հայտնի է դարձել կենսալուսարձակման շնորհիվ, որն իրենից ներկայացնում է օրգանիզմների տեսանելի լուսարձակում՝ կապված կենսական գործընթացների հետ: Գիշերային ժամերին կարելի է տեսնել, թե ինչպես է ջրում շարժվող ցանկացած առարկայի շուրջ լուսաշող պսակ հայտնվում: Աշխարհում գոյություն ունեն 5 նման նեղուցներ, որոնցից 3-ը գտնվում են Պուերտո Ռիկոյում:
Տեղի բնակչության կարծիքով՝ նեղուցը «մարել է» մոտակայքում մաքրման կայանների տեղադրմանն ուղղված աշխատանքների պատճառով: Փահարդո քաղաքի իշխանությունները, որի համար կառուցվում են կայանները, հայտարարել են, որ արդեն փորձագետներ են վարձել՝ պարզելու, թե ինչ է պատահել: Քաղաքապետի կարծիքով՝ բնական երևույթի «մարման» պատճառ կարող էին դառնալ կլիմայական պայմանները:










