Ջոլիի և Փիթի արտադրած Chateau Miraval Rosé-ն ճանաչվել է 2012թ. լավագույն վարդագույն գինի
Օսկարակիր դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը մեծ նվաճումների են հասել ոչ միայն կինոյի, այլև բիզնեսի ոլորտում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, հոլիվուդյան զույգի` ֆրանսիական Պրովանսում գտնվող խաղողի այգիներից ստացված գինին՝ Chateau Miraval Rosé 2012-ը, ճանաչվել է 2012թ. լավագույն վարդագույն գինի։
Wine Spectator ամսագրի հրապարակած «Լավագույն 100 գինիները» վարկանիշային աղյուսակում Ջոլիի ու Փիթի արտադրած խմիչքը հնարավոր 100 միավորից հավաքել է 90-ն ու զբաղեցրել 84-րդ հորիզոնականը՝ ճանաչվելով 2012թ. աշխարհում ամենալավ վարդագույն գինին։
38-ամյա Ջոլին ու 49-ամյա Փիթը գինու ստեղծման հարցում համագործակցել են Ֆրանսիայի ամենահայտնի գինեգործական ընտանիքներից մեկի՝ Պերինների հետ։
Chateau Miraval Rosé-ի 1 շիշն արժե 23-28 դոլար։ Գինու առաջին խմբաքանակը, որը բաղկացած էր 6 հազար շշից, վաճառքի է հանվել մարտին ու ամբողջությամբ սպառվել ընդամենը 5 ժամում։










