Տիգրան Սարգսյանը Դ. Մեդվեդևի հետ քննարկել է ՄՄ–ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր

18:58 • 20.11.13

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

 

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարևորել են երկու պետությունների միջև տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:

 

ՀՀ և ՌԴ վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:

 

Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան: