Որտեղի՞ց այդքան փող. Ըստ Սեդրակյանի փաստաբանի՝ իր պաշտպանյալին միայն այս հարցն է տրվել դատաքննության ընթացքում

15:05 • 20.11.13

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին «Ազգային ինքնորոշում կուսակցության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու համար սեպտեմբերի 23-ին 14 տարվա ազատազրկման դատապարտած Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրան մեն-մի հարց է տվել. «Քեզ որտեղի՞ց այսքան փող»:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան, «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Սիրունյանը, ով ավելի ուշ ամփոփելով նկատեց, որ իր պաշտպանյալին «դատում են ենթադրություններով, 1,5 ապացույցով»:


«Մեզ զարմացրել է, երբ որ նման հնչեղ գործով, երբ որ հարցաքննում են կազմակերպչին, նրան մեկ հարց է տվել դատավորը, ուրիշ հարց չի տվել: Ասել է՝ «քեզ էդքան փող որտեղի՞ց», չի հարցրել ՝ինչո՞ւ կազմակերպեցիք, թեև էմոցիոնալ հարցեր մյուս ամբաստանյալներին տվել է, ինչի իրավունքը չուներ»,-ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

 

Հիշեցնենք, որ նույն գործով անցնող Խաչիկ Պողոսյանը և Սամվել Հարությունյանը դատապարվել են 14 և 12 տարվա ազատազրկման՝ որպես հանցագործության կատարողներ:

 

«Առաջին մեղադրանքի հիմքում ընկած մեկուկես ապացույցներից առաջինը «Հայկական ժամանակ» օրաթերթի համարն է, որտեղ կան բոլոր թեկնածուների նկարները և նաև Պարույրի, որի վրա կան գծեր, և ի դեպ, նաև մյուսների նկարների վրա նույնպես կան գծեր: Բա նախընտրական շրջանում նախագահի թեկնածուի կաբինետից ուրիշ ի՞նչ պետք է հայտնվեր, Հռոմի պապի նկա՞րը»,-հայտարարեց Սիրունյանը:

 

Վերջինս նշեց, որ բողոքով դիմել է Վերաքննիչ դատարան, սպասում է դատավարության նշանակմանը և հանգամանալից ներկայացրեց ընդհանուր իրավասության դատարանում տեղ գտած «իրավական աբսուրդները»:

 

Ըստ Սիրունյանի՝ դատարան չեկող Պարույր Հայրիկյանի փոխարեն դատախազն է սկսել ցույց տալ, թե ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն ինչ շարժումներ է արել, ինչպես է գնդակը կպել ուսին: Այս կապակցությամբ իրավաբանը հավելեց, որ շատ ճիշտ կլիներ, որ «Պարույրը գար և ցույց տար»:

 

Ալեքսանդր Սիրունյանը նաև պատմեց, որ իրեն է մոտեցել է «մի լուրջ մարդ» և հայտնել, որ հատուկ ծառայություններն ունեն գաղտնի ձայնագրություններ, որոնք ապացուցում են, որ Վարդան Սեդրակյանն այդ ամենի հետ կապ ունի, բայց քանի որ դրանք ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով, ապա գործի նյութերին չեն կցվել:

 

«Ասացի, հարգելիս, որպես պետության մարդ, եթե Վարդանը դա իրոք արել ա, ու դա ապացուցելի է, Վարդանին պատժել է պետք: Բայց մի հարց տամ, եթե կան այդպիսի ձայնագրություններ, ոնց որ Դուք եք ասում, բա չի՞ ստացվում, որ Վարդան Սեդրակյանը հատուկ ծառայությունների աչքի առաջ, քանաքեռցի երկու կասկածելի սուբյեկտների հետ կազմակերպում է ոչ ավել, ոչ պակաս Պարույր Հայրիկյանի մահափորձը, բա Խաչիկ Պողոսյանի ձեռքը ինչի՞ չէիք բռնում, բա որ իրո՞ք կպներ Պարույր Հայրիկյանի գլխին»,- հարցրեց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:


Նա հավելեց, որ չնայած Պարույր Հայրիկյանը և Խաչիկ Պողոսյանը տարբեր բաներ են պատմել մահափորձի մասին, քննչական փորձաքննություններ չեն կատարվել:

 

Ապացույցների ձեռբերման հետ կապված փորձագետը հայտնել է, որ չի որոշել կրակոցների հերթականությունը՝ նշելով, որ նման մեթոդիկա չկա, այն դեպքում, երբ ըստ Սիրունյանի՝ նման մեթոդիկան 19-րդ դարում է հորինվել՝ ռազմական բժիշկ Պավլովի կողմից: Բացի այդ, փորձագետը Հայրիկյանի վերքը ուշ է տեսել և այլ տարօինակ բաներ:

 

«Կրակել էին ՀՀ նախագահի թեկնածուի վրա, պետությանը ղեկավարը, ողջ Հայաստանը քնած չի, փորձագետին ամաչում են արթնացնել, հրավիրել, վերքը ցույց տալ»,-մեկնաբանեց նա:

 

Նաև բազմաթիվ հարցերի հետ կապված Սիրունյանին ասել են, որ «էդպիսի բաներ լինում են»: Մասնավորապես, ինչո՞ւ, երբ շատ մոտ տարածությունից կրակել են Հայրիկյանի վրա, նրա վրա վառոդի արգասիքներ չկան:

 

Փաստաբանը ներկայացրեց Վերաքննիչ դատարանին ուղղված բողոքից մի փոքր հատված, նախապես պարզաբանելով, որ այդ մի քանի տողում, առանց որևէ չափազանցության, ամփոփված է տառացի ճշմարտություն:

 

«Ընթերցելով դատավճիռը՝ ստացվում է, որ դատավարության մասնակիցներից մեկի կամ մի քանիսի մոտ մի բան այն չէ մեղսունակության հետ կապված, որովհետև ստացվում է, որ առանց դրդապատճառի, առանց նպատակի ու պատշաճ դրդելու, ստիպելու ու համոզելու, առանց վարձատրելու ու կազմակերպչական աշխատանքի, գին պայմանավորվելու և այն վճարելու, «դիլխոր չեք մնա» ասելով՝ Վարդան Սեդրակյանը հանձնարարել է սպանել ոչ ավել, ոչ պակաս Պարույր Հայրիկյանին, հեռուն չգնալու համար դա հանձնարարել է իր դիմացի հարևանին, որի բացահայտելը հեշտ լինի, իսկ կատարողներին հանձնարարել է հետևել հենց իր՝ Վարդան Սեդրակյանի մեքենայով, որ կասկած չլինի, որ դա հենց իր մեքենան է»,-կարդաց Սիրունյանը:

 

Նա թվարկեց տրամաբանության հետ հակասություն ունեցող  ևս մի շարք փաստեր: Մանավորապես այն, որ Վարդան Սեդրակյանը այսքանից հետո չի հեռացրել հանրապետությունից ու չի պարտակել իր «հանցակիցներին», ավելին՝ իրավապահների աշխատանքը հեշացնելու համար «կրակող Խաչիկ Պետրոսյանին» հանձնարարել է տանել «Նագանը» և փամփուշտները և ապահով պահել տանը:

 

Ալեքսանդր Սիրունյանը, ի լրումն, նշեց, որ գնալու է մինչև վերջ՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: