Շվեդիայում 2 տարեկան երեխաների կեսը կանոնավոր օգտվում է համացանցից

18:12 • 20.11.13

Համացանցի օգտատերերի տարիքն աստիճանաբար նվազում է. Շվեդիայում 2 տարեկան երեխաների կեսը կանոնավոր օգտվում է համացանցից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին CBT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ինտերնետային հաղորդակցության հարցերով հիմնադրամի ներկայացուցիչ Պամելա Դևիդսոնը:

 

Նրա խոսքով՝ երեխաները, նախևառաջ, հետաքրքրվում են պլանշետային համակարգիչներով: Շվեդիայի շատ ընտանիքներում սենսորային սարքին տրված է «էլեկտրոնային դայակի» դեր: Նրա խոսքով՝ երեխաների համար այսօր ամենասովորական զբաղմունքն էլեկտրոնային խաղերն ու ֆիլմերն են:

 

Մասնագետները նաև նշում են ևս մի կարևոր միտում՝ բջջային հեռախոսներով «սերֆինգ» անելու միտումը («ճանապարհորդություն»՝ կայքերով): Դրանով զբաղված են բջջային հեռախոսների և համակարգիչների տերերի երկու երրորդը:

 

Ընդ որում՝ շվեդների 40 տոկոսն առաջվա պես իրեն քիչ կապված է համարում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին: