Շնորհակալություն իմ բոլոր գործընկերներին, որոնք հայ-ռուսական միջխորհրդարանական հանդիպմանը հայերեն խոսեցին. Թևան Պողոսյան

14:53 • 20.11.13

Շնորհակալություն իմ բոլոր գործընկերներին, որոնք նախորդ շաբաթ հայ-ռուսական միջխորհրդարանական հանդիպման ժամանակ հայերեն խոսեցին և բարձրաձայնեցին Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու հարցը: Այսօր կայացած ասուլիսին ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով այդ հանդիպման ժամանակ առաջինն է հարց բարձրացրել ռուս գործընկերների՝ Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու շուրջ հայտարարությունների մասին:


«ԱՊՀ հարցերով հայրենակիցների և ինտեգրացիոն հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին իր ամբողջ խոսքի ընթացքում նշում էր ռուսաց լեզվի տարածման մասին և ասում, որ դա պետք է բոլորի համար հավասար լինի: Ես հարց բարձրացրեցի, թե ինչ մեխանիզմներ կկիրառվեն Մաքսային միության տարածքում բոլոր չորս լեզուների հավասար պահպանման համար, և այդտեղից քննարկումը սկսվեց, իրենք, հասկանալով հարցի մեջ ամբողջական պահվող երևույթը, սկսեցին բացասական արձագանքել»,- պատմեց նա:


Վերջինիս խոսքով՝ եթե պետք է պաշտոնական փաստաթղթեր լինեն, պետք է թարգմանվեն այն բոլոր լեզուներով, որոնց երկրները ՄՄ-ի անդամ են, չորս լեզու կլինի, չորսով կթարգմանվեն, հինգը՝ հինգով. «Օրինակ՝ ԵՄ-ն անում է այդպես, կարելի՞ է այստեղ էլ անել, միգուցե, չգիտեմ: ԵՄ-ն ունի այդ մեխանիզմները, որ բոլոր լեզուներով այդ պաշտոնական փաստաթղթերը լինեն»:


Նա նաև նշեց, որ Լեոնիդ Սլուցկին միայն իր շահերով էր առաջնորդվում. «Նա պետք էլ չի, որ մտահոգվի իր շահերով, մենք պետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ նա հասկանա, որ իր շահերն առաջ տանելու համար չպետք է մոռանա մեր շահերը: Շատ լավ է, տարածեք ձեր ռուսերենը, բայց դա թող լինի բոլորի համար, բայց մի այլ խնդիր է, որ քո փաստաթղթային օրենսդրական բազան են փորձում ռուսերեն դարձնել»:


Պատգամավորը հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա այնպես անել, որ ցանկացած միության անդամակցության պարագայում էլ հայերենն իր տեղն ունենա: «Ես չեմ պատրաստվում հասկանալ, որ իմ երկրի օրենքները պետք է ռուսերենով կարդամ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կարգավիճակի իմաստով նույն կարգավիճակը պետք է ՄՄ անդամ բոլոր երկրների լեզուների համար լինի, որը չկա Սլուցկու ներկայացրածի մեջ, ինչի համար էլ եղավ հայ պատգամավորների արձագանքը:
Թևան Պողոսյանը նաև նշեց, որ ռուս պատվիրակությունը այն մտադրությամբ էր մտել խորհրդակցությունների սենյակ, որ ավանդական կենացի մակարդակի հանդիպում կանցկացվի, ինչը, սակայն, տեղի չունեցավ: