Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին (լուսանկարներ)

15:48 • 20.11.13

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից:

 

Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման և արտադրության, նաև այլ հարցեր:

 

Նիստում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսվարող սուբյեկտների կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվողականության, տեղեկատվական անվտանգության ապահովման, մաքսային, վիճակագրության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև մի շարք համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, մինչև 2020 թվականը զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացման ռազմավարությունը, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը, միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման 2014-2015թթ. միջոցառումների ծրագիրը, պետական ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի զարգացման հայեցակարգը:

 

Նիստում որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014թ. մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: