ԱԺ խմբակցությունները ինքնանպատակ չեն համարում կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ իրենց պայքարը
Ազգային ժողովի 4 խմբակցությունները, որոնց ստորագրություններով անցած շաբաթ հրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ, որը պետք է ևս մեկ անգամ քննարկեր կենսաթոշակային կուտակային նոր համակարգի մասին օրենքը և որը տապալվեց հանրապետական մեծամասնության կողմից, ինքնանպատակ չեն համարում նոր արտահերթ նիստ հրավիրելը:
Հիշեցնենք, որ օրենքը ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից, և արդեն հայտնի են կուտակային ֆոնդերի կառավարիչները: Առաջին կառավարչի հիմնադիրներն են՝ ավստրիական C-QUADRAT Investment AG և գերմանական Talanx Asset Management GmbH ընկերությունները (կառավարում են շուրջ 800 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ), երկրորդ կառավարչի հիմնադիրն է Amundi (Societe Generale և Credit Agricole համատեղ ձեռնարկություն) ընկերությունը (կառավարում է շուրջ 1,5 տրլն ԱՄՆ դոլարի ակտիվներ):
Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինքնանպատակ և ուշացած չե՞ն իրենց գործողությունները, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Ինքնանպատակ չենք համարում, թեև հստակ է, որ իրենք չեն նահանջելու, որովհետև և՛ կառավարիչներն են որոշվել, և՛ ըստ իրենց ՝ շատ մեծ աշխատանք է տարվել: Բայց շատ հստակ է, որ կառավարությունը ինչ-որ կերպ էդ գումարը, հավանաբար, նաև կառավարիչների հետ պայմանավորված ինչ-որ ժամանակ տնօրինելու հնարավորություն է ունենալու, և եթե սովետական բանկերը պայթեցին և մարդկանց ավանդները զրոյացան ու կորան, ապա հիմա ոչ ոք երաշխիք չի կարող տալ: Ասում են պետությունը երաշխավորում է, ո՞ր պետության մասին ենք խոսում Հայաստանի Հանրապետությա՞ն, թե ընդհանրապես մի վիրտուալ երկրի մասին, բայց մեզ նման երկրում, կրկնում եմ, ոչ մի բան երաշխավորված չէ: Առավել ևս, եթե իշխանությունն է երաշխավոր կանգնում, որևէ երաշխիքի մասին խոսք լինել չի կարող»:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի արձագանքի ուշացած լինելուն, ապա Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ այն առաջացել է հիմա, քանի որ հասարակությունը հիմա է սկսել այդ օրենքին դեմ արտահայտվել՝ բախվելով դրանից առաջացած խնդիրներին:
«Մարդիկ ուշքի եկան և պահանջեցին, որ վերանայվի ու հետաձգվի էդ օրենքը: Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, որ կանխենք օրենքի կիրառումը, բայց, ինչպես հայտնի է, մենք մեծամասնություն չենք, հասարակությունը պիտի այդ խնդրի դեմ ընդվզի, որը տեղի ունեցավ: Եվ մենք իրավունք չունենք դժգոհ ժողովրդի կարծիքները չվերհանելու և չհնչեցնելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նաև այն կարծիքին է, որ «երբեք չի կարելի ասել՝ երբեք»: Այսինքն՝ վստահ է, որ դժգոհության որոշակի կրիտիկական շեմի պարագայում հնարավոր է՝ օրենքը վերանայվի:
«Ժառանգության» անդամ Թևան Պողոսյանը կրկնեց իր գործընկերոջը՝ պատասխանելով ընդդիմության գործողությունների ինքնանպատակ լինելու մասին հարցին. «Այդ դեպքում եկեք ասենք՝ չփորձենք ու ոչ մի բան չանենք»:
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նախ հայտնեց, որ օրենքը երկու տարի առաջ չի ընդունվել, (նկատի ունի կամավոր բաղադրիչի գործարկումը) և ավելացրեց, որ դրանից հետո տասնյակ օրենքներում տասնյակ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, և հետևաբար, դրանց արձագանքը հիմա է:
Հիշեցնենք, որ կառավարության սոցիալական վարչության պետ, կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարության մշակման թիմի ղեկավար Աստղիկ Միրզախանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ ի սկզբանե երիտասարդները եղել են կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման գաղափարի սատարողները, ավելին՝ հենց երիտասարդներն են, որ աջակցել են իրենց, և որ հիմա նրանց դժգոհության ալիքի հետևում տեսնում է խոշոր ընկերությունների ականջները, որոնք կողմնակից են եղել, որ կուտակային հիմնադրամները լինեն իրենց կից (Ռուսաստանի տարբերակով) և որոնք չեն ցանկանում որևէ չափով բարձրացնել աշխատողների աշխատավարձերը:
Ի պատասխան, թե չե՞ն վախենում օգտագործվել, եթե այս տեսակետը ճշմարտություն է, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ուրեմն՝ ես չեմ կարող դետեկտիվ ժանրի փաստարկներին պատասխանել, բայց ասեմ, որ լայն առումով ավելի շատ ձայն են բարձրացնում այն ընկերությունները, որոնք ոչ թե խոշոր են, այլ աշխատավարձերն են բարձր: Չէ՞ որ պետությունը բյուջեից ուղղվող գումարների հարցում սահմանափակում է մտցնում՝ գանձել ոչ ավել, քան 25 000 դրամ՝ բարձր աշխատավարձով աշխատողների դեպքում: Իսկ եթե տվյալ աշխատողի աշխատավարձից է պահվում, սահմանափակում չկա. եթե ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ, նշանակում է՝ 15 000 դրամ պահում և այլն: Դա նշանակում է, որ ըստ էության, տվյալ ընկերությունում աշխատողի ռեալ եկամուտը իջնում է»:
Միքայել Մելքումյանը բնական է համարում, որ եթե որևէ աշխատակցի ռեալ եկամուտն իջնում է, նա շահագրգռվածությունն ընկնում է, որքան էլ ենթադրվի, թե քսաներեք տարի հետո այդ գումարները հետ է ստանալու:
«Եվ երկրորդ, մի բանի վրա ուշադրություն չի դարձվում. էն, որ 2013-ից եկամտահարկը միավորվեց սոցվճարի մեջ, էդ եկամտային հարկի բաղադրիչը, որ իրենք ներմուծել են, սերտորեն շաղկապված է կուտակային համակարգի հետ, որովհետև, տեսեք, բաշխողական համակարգը, որը գործելու է կուտակայինին զուգահեռ՝մինչև 1974 թվականը ծնվածների համար, ծանր դրության մեջ է դնելու ձեռնարկություններին: Որովհետև ստացվում է, որ տվյալ ձեռնարկությունը եկամտային հարկի սիստեմով պահում է այսօրվա թոշակառուների բազայինը, մյուս կողմից՝ զուգահեռ գործում է կուտակայինը»:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ առաջիկա քսան տարիներին այս համակարգի բեռը լինելու է ընկերությունների վրա, ինչը նորմալ չէ:










