Անրի Ռենոն Սարգսյան-Ալիև հանդիպման, «Կարֆուրի» և Վիլնյուսի գագաթաժողովից ակնկալիքների մասին (տեսանյութ)
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն Անրի Ռենոն այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ համակարծիք է Վիեննայում նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը և ողջունում է այդ հանդիպումը:
«Նամանավանդ, որ երեկ չէ առաջին օրը տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում երկու տարի առաջ տեղի ունեցած հանդիպումից, գրեթե երկու տարվա դադարից հետո առաջին հանդիպումն էր, որով խրախուսվում է շարունակել բանակցությունները»,- ասաց Անրի Ռենոն:
Ի պատասխան հարցի, թե որքանո՞վ է այն արդյունավետ, դեսպանը նշեց, որ դրանով հեռանկարներ են բացվել՝ բանակցային գործընթացը շարունակելու, երկխոսությունը շարունակելու համար:
«Եվ այս ամենը, բնականաբար, հիմք ունենալով այն ձեռքբերումները, ինչպես նշված է ընդամենը երեկ Մինսկի խմբի երեք համանախագահների հայտարարության մեջ»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հանդիպման արդյունքներով տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում էր, համանախագահները ողջունում են այդ հանդիպումը, ինչպես նաև նշվում էր, որ որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի հարթակներում, որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ:
«Եվ, բնականաբար, պետք է բացվող, ուրվագծվող հեռանկարներից օգտվել, որովհետև հակամարտության կարգավորումը, խաղաղ կարգավորման տարբերակից բացի, այլ լուծում չունի»,- ավելացրեց Ֆրանսիայի դեսպանը։
Անդրադառնալով Վիլնյուսի գագաթաժողովին Հայաստանը-ԵՄ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հնարավորությանը՝ դեսպանն ասաց.«Այդ հարցը դեռևս քննարկման փուլում է գտնվում ԵՄ համապատասխան գործընկերների մակարդակով: Երևի թե, փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը հենց բուն գագաթաժողովի ընթացքում որոշում կկայացվի: Այս պահին դեռևս քննարկումներ են գնում այդ փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով»։
Ֆրանսիայի դեսպանը մեջբերեց Հայաստանի՝ տարբեր պաշտոնյաների շուրթերով հնչեցրած ցանկությունը՝ շարունակել, զարգացնել և խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ինչ վերաբերում է Եվրամիության դիրքորոշմանը,ապա Անրի Ռենոն վստահություն հայտնեց, որ այս երկուստեք ցանկությունն իր արտահայտությունը կգտնի մոտ օրերս ակնկալվող վիլնյուսյան հանդիպման ընթացքում:
Ֆրանսիական «Կարֆուր» ընկերության մասով ֆրանսիացի դիվանագետն ասաց, որ այս պահին առանձնապես ոչինչ չունի ասելու, սակայն Tert.am–ի հարցին, թե այնուամենայնիվ, ե՞րբ կգա այդ ընկերությունը Հայաստան, Անրի Ռենոն ասաց.«Ինչպես մեկ շաբաթ առաջ, երբ նշում էին ֆրանս–հայկական գործակցության երկրորդ տարեդարձին և նման հարց ինձ էլի տրվեց, ասեմ, որ բանակցային գործընթաց է ընթանում, աշխատանքներ՝ կապված «Կարֆուր» դիստրիբյուտորական ցանցի Հայաստան ժամանման հետ: Բայց ցայսօր իմ բոլոր զրուցակիցները, ում հետ առիթ եղել է անդրադառնալ «Կարֆուրի» Հայաստան ժամանելուն, բոլորի կողմից ասվել է միայն ու միայն դրականը, բոլորն էլ ցանկություն ունեն, որ ընկերությունը գա և իր գործունեությունը ծավալի Հայաստանում»:
«Ասածին ի հավելումն ինքս ինձ հարց եմ տալիս, թե այդ ինչպե՞ս պիտի լինի, եթե նման պայմանները ստեղծված են, որ «Կարֆուրը» հանկարծ որոշի չգալ ու չհաստատվել Հայաստանում, եթե այս՝ հայկական կողմից պատրաստակամությունը կա, որ մենք սպասում ենք»,- ավելացրեց Ֆրանսիայի դեսպանը։
Վերջում Անրի Ռենոն շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր ցանկանում են այստեղ՝ Հայաստանում տեսնել «Կարֆուր» ընկերությանը:










