Սարգսյան-Ալիև հանդիպումից հասարակությունը ոչ մի բան չիմացավ, բացի նախագահի՝ «նորմալ» գնահատականից

13:23 • 21.11.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս տեղի ունեցած հանդիպումից իրականում որևէ տեղեկություն հանրությունը չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ միակ տեղեկությունն այն է, որ նախագահը հանդիպումից հետո այն նորմալ է գնահատել:

 

«Մյուս նորությունը ՀՀ նախագահի մամուլի խոսնակի Twitter-ում արված գրառումներն էին՝ հանդիպումը սկսվեց, հանդիպումն ավարտվեց: Բայց դրանք ավելի շատ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին: Վերջին հանդիպումից մեզ պարզ դարձավ մի բան, որ Ռուսաստանը ներկայումս Արցախի հարցում որոշակիորեն նահանջել է` տեղը զիջելով ԱՄՆ-ին: Հենց վերջինս էլ հանդիսանում էր հանդիպման նախաձեռնողը»,-ասաց քաղաքագետը:

 

Հարցին, թե ինչպես է քաղաքագետը պատկերացնում արցախյան խնդրի լուծումը, վերջինս նշեց, որ մի բան հստակ է, որ ոչ մի թիզ հող չպետք է զիջվի հակառակորդին:

 

«Հայկական զորքի կողմից հսկվող ամբողջ տարածքը պետք է պահվի, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ եթե մենք այսօր փոխզիջման գնանք ու տարածք զիջենք, ապա Ադրբեջանը հետագայում հրադադարը նորից չի խախտի, այն էլ այն պարագայում, երբ շարունակ մեծացնում է սպառազինությունը: Պետք է վերաբնակցնել հայկական տարածքները: Սա է միակ երաշխիքը մեր անվտանգության»,-ասաց նա: