ՀԱԿ նախկին անդամը կողմ է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուն
«Հայ ազգային կոնգրեսի» նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա իր այդ որոշումը բացատրեց այն հանգամանքով, թե 70 տարի շարունակ մեր տնտեսությունը զարգացել է Ռուսաստանին զուգահեռ:
«Եվրոպացիներն են անընդհատ մեզ հորդորում ժողովրդավար լինել, այնինչ՝ իրենք են առաջին կեղծարարները: 21-րդ դարում մարդկանց խոշտանգելու, կտտանքների ենթարկելու գաղտնի բանտերը Եվրոպայում էին: Եթե որևէ մեկն ասի, թե Ռուսաստանի ողջ տարածքում հայտնաբերված է մի բանտ, որտեղ մարդկանց գաղտագողի բերել և կտտանքների են ենթարկել, ես ներողություն կխնդրեմ»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ պետք է գնալ հենց Ռուսաստան, այլ ոչ որևէ այլ երկիր, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ոչ մի ջհանդամ էլ պետք չի գնալ, պետք է մնալ սեփական հայրենիքում, ունենալ սեփական երկիրը տնօրինելու հնարավորություն և այնպիսի երկիր ստեղծել, որ մարդիկ չփախչեն: Ես դրա ջատագովն եմ: Իսկ եթե գնացել ես Մաքսային միություն, ուրեմն բարի եղիր, եվրոպական թատերաբեմերում մի՛ կանգնիր, մի՛ ասա, թե մենք ստիպված ենք, մենք կիսասոված հայեր ենք, մեզ ստիպեցին, մենք էլ ստիպված վեր կացանք ու գնացինք էն կողմի վրա: Արտաքին քաղաքականության մեջ էլ պետք է տղամարդու դեմք ունենալ»:










