Դատարանը հաստատել է «Ռուբիի գործով» Բեռլուսկոնիին 7 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը

17:12 • 21.11.13

Միլանի դատարանը հինգշաբթի հայտարարել է, որ Իտալիայի նախկին վարչապետ, «Ազատության ժողովուրդ» կուսակցության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին, որը սեռական հարաբերություն է ունեցել մարոկկացի պարուհի Ռուբիի հետ, միանշանակ իմացել է այն մասին, որ Ռուբին անչափահաս է, գրում է gazeta.ru-ն:

 

Այժմ գործով դատավճիռը, որտեղ անչափահասի հետ սեքսից բացի մեղադրանքներ կան նաև մարմնավաճառության կազմակերպման, ոստիկանության վրա ճնշման և վկաներին կաշառելու վերաբերյալ, փոխանցվել է ոստիկանությանը՝ կատարման համար:

 

Դատարանը գտել է, որ հավաքված ապացույցները վկայում են այն մասին, որ Ռուբին, ում իսկական անունը Կարիմա էլ-Մարուգ է, Բեռլուսկոնիի հետ սեռական հարաբերություն է ունեցել խոշոր չափի գումարի և նվերների, այդ թվում՝ թանկարժեք զարդերի դիմաց:

 

Այդ կերպ, դատարանը հաստատել է հունիսին կայացած վճիռը, համաձայն որի Բեռլուսկոնին պետք է բանտում անցկացնի յոթ տարի՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար:

 

Օգոստոսին դատարանը հաստատել էր Բեռլուսկոնիի դեմ վճիռը Mediaset-ի գործով, ինչի արդյունքում նա ժամանակավորապես կորցրել է պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը: