Ռուսաստանում մեկուսարանից ազատվել է Greenpeace-ի առաջին ակտիվիստուհին
Պետերբուրգում քննչական մեկուսարանից ազատ է արձակվել Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստուհի Անա Պաուլա Մասյելը, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Նշենք, որ երկուշաբթի օրվանից Պետերբուրգի դատարանները որոշումներ էին կայացրել, որոնց համաձայն գրավով պետք է ազատ արձակվեն Arctic Sunrise նավի անձնակազմի անդամներն ու ակտիվիստներ: Ընդհանուր առմամբ` 20 մարդ: Առայժմ մերժվել է միայն Ավստրալիայի քաղաքացի Քոլին Ռասելը. նրա կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով:
Սպասվում է, որ այսօր դատարանները կվճռեն ևս 9-ի ճակատագիրը: Նրանց համար Greenpeace-ը գրավի գումար է հատկացրել:
Ըստ փաստաբանների` ուշ ազատ արձակման պատճառն այն է, որ իրավապահներն ուշ են տրամադրել այն հաշվեհամարները, որոնց կարելի է գրավի գումար փոխանցել:
Սեպտեմբերին 30 անձինք փորձել էին ակցիա անել Արկտիկայում Ռուսաստանի կողմից նավթարդյունահանման դեմ, ինչից հետո ձերբակալվել էին:










