Եթե այս անգամ ոչ զինված հեղափոխություն չկատարվեց, համակարգային փոփոխություններ չեն լինի. Գառնիկ Մարգարյան
«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը Շանթ Հարությունյանի գործողությունները համարում է այն պոռթկումներից մեկը, որը պետք է տեղի ունենար:
«Եթե այս անգամ ոչ զինված հեղափոխություն չկատարվեց, համակարգային փոփոխություններ չեն լինի: Մենք դեմ ենք արյուն թափելուն, բայց հեղափոխությունը յուրաքանչյուր քաղաքացու էլեմենտար քաղաքական իրավունքն է»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Քաղաքական գործչի կարծիքով՝ ինչքան էլ Հայաստանը դեմոգրաֆիկ խնդիր ունենա, պետք չէ մոռանալ, որ ունի նաև մարտունակ բանակ և ազատամարտիկների մի հսկայական զանգված, որոնք նորից կկանգնեն երկրի պաշտպանության գլխին:
«Թող ոչ ոք ոտնձգություն չանի Հայաստանի նկատմամբ: Մենք լավ զինված ենք, բանակն իր բոլոր թերություններով մարտունակ է և ի վիճակի է պաշտպանել մեր երկրի սահմանները»,-ասաց նա:
Սակայն բանախոսը նաև նշեց, որ մարդիկ չեն կարող վերադառնալ հայրենիք, քանի որ պաշտպանված չեն ու աշխատանք չունեն: «Ժողովուրդը պետք է բարձրացնի իր ձայնը, գա, պահանջի հրաժարական»,-ասաց նա ու նկատեց. «Սերժ Սարգսյանը մինչև երկրորդ պաշտոնավարման ժամկետի ավարտը չի կարող մնալ»:
Դիտարկմանը, թե նախագահը հրաժարակա՞ն է տալու, նա պատասխանեց. «Կտա այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կկանգնի»:










