Սա պատերազմի գործ է, կռիվ ենք տալիս ներքին թշնամու հետ. Գառնիկ Մարգարյանը ազատամարտիկների պայքարի մասին
«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ այսօր երկրում հեղափոխություն իրականացնելու միակ հույսը ազատամարտիկներն են, որոնք հունիս ամսից կրկին դուրս են եկել պայքարի՝ տեսնելով, որ երկիրը սոցիալական խնդիրներ ունի, նորից ոտքի են կանգնել: «Դա մեզ համար ողջունելի քայլ է, մենք աջակցելու ենք իրենց այդ գործընթացում: Մի շարք կուսակցություններ միացել են, բայց այն քաղաքական ուժերը, ովքեր օգտվում են իշխանական «կարմոշկայից», չեն կարող այս արդար գործին մասնակցել, սա արդար գործ է, սա պատերազմի գործ է, կռիվ ենք տալիս ներքին թշնամու դեմ, իսկ այս գործում պետք է առնվազն ազնիվ լինել»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Վերջինիս խոսքով, օրինակ, երկար ժամանակ իշխանությանը միանալու փորձեր էր անում «Օրինաց երկիր» կուսակցությունը: «Սակայն մենք մոռանում ենք 2004թ. ապրիլը, երբ այդ կուսակցության նախագահը իր տարածքում տեղավորեց մահակավորների, որոնք ջարդեցին ժողովրդին. նա ինչպե՞ս կարող է մասնակցել այս գործընթացին: Նույնը Արտաշես Գեղամյանն էր, մենք որոշել էինք պաշտպանել իր թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ, բայց ինչպես վաճառվեց, որտեղ հայտնվեց, բոլորս տեսանք: Իսկ Դաշնակցության ղեկավարությունը դեռ պետք է գնա ինքնամաքրման, նոր մասնակցի երկրի ազատագրման գործին»,-ասաց Գառնիկ Մարգարյանը:
Նրա փոխանցմամբ՝ ազատամարտիկների և կուսակցությունների կլոր սեղան քննարկմանը տասից ավելի կուսակցություններ չեն առարկել երկրում համակարգային փոփոխություններ անելու հարցի շուրջ:










