Կուտակային կենսաթոշակների համակարգը փուչիկ է. բողոքի ակցիա Կառավարության դիմաց (թարմացված, լուսանկարներ)
13.02
__________________________________
Կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիները վանկարկում են՝ «պատասխան»՝պահանջելով, որ կառավարությունից որևէ մեկը իջնի և պատասխանի իրենց հարցերին:
Կառավարությունից նրանց ներկայացավ նամակների ու դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը և նշեց, որ եթե նամակ ունեն հանձնելու կառավարությանը, կարող են անել իր միջոցով, ինչին ակտիվիստները պատասխանեցին, որ իրենք նախընտրում են բանավոր ներկայացնել կառավարությանը իրենց պահանջները և դրա համար պետք է իրենց հետ հանդիպի պատասխանատու պաշտոնյա:
Մինչ ակտիվիստներին մոտենալը, Ալեքսանդր Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները բողոքում են, քանի որ իրականում օրենքից տեղյակ չեն:
Ակտիվիստները պահանջեցին, որ վերջինս ամբողջությամբ ներկայացնի օրենքը, որ իրենք հասկանան, թե ինչը օրենքում չգիտեն, ինչը Ալեքսանդր Ղազարյանը հրաժարվեց անել: Ակտիվիստներն էլ նրան անվանեցին վախկոտ:
Նշենք նաև, որ ցուցարարների մի մասը կառավարության առջև են եկել փուչիկներով՝ ցույց տալու, ընդունված օրենքը նման է փուչիկի, իսկ խոստումները, թե 63 տարեկանից հետո ապահով ծերություն են ունենալու, օդ են:
12.28
________________________________________________________________
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու օրենսդրական փոփոխությունների դեմ։
«Հերիք լափեք մեր փողերը», «Stop պարտադիր կուտակային կենսաթոշակին», «Ձեռնքներդ հեռո՛ւ մեր աշխատավարձից» ցուցապաստառներով վերջիններս Կառավարությունից պահանջում են հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու նախաձեռնությունից։
Կառավարության շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան, որոնք պատ են կազմել շենքի դիմաց։ Ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ Բուզանդի փողոցում ոստիկանական ավտոմեքենաներ են կայանված՝ ոստիկաններով։










