Մեկ գիշերվա ընթացքում Սիրիայից Լիբանան է տեղափոխվել մոտ 500 ընտանիք

17:54 • 21.11.13

Լիբանանի հետ սահմանն այս գիշեր հատել է մոտ 500 սիրիացի ընտանիք, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է միջինը 6 մարդուց, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչ Լիզա Աբու Հալեդը հայտնել է, որ Լիբանանի իշխանություններն առաջին անգամ թույլ են տվել ժամանակավոր ճամբար կառուցել այդ երկիր ուղևորվող սիրիացիների համար։

 

Նրա խոսքով՝ մեկ գիշերվա ընթացքում կազմակերպության աշխատակիցները տեղադրել են 21 վրան և նախատեսում են մինչև օրվա վերջ տեղադրել ևս 29-ը։

«Մենք ստեղծված իրավիճակին համապատասխան արտակարգ միջոցներ ենք ձեռնարկել»,- ասել է Հալեդը։

 

Նոյեմբերի 15-ից ի վեր Սիրիայից Լիբանան է փախել առնվազն 13 հազ. մարդ։ Իսկ ընդհանուր առմամբ, Լիբանանում գտնվում է մոտ 1.4 մլն սիրիացի փախստական։