Հունաստանը զգալի հաջողությունների է հասել տնտեսական բարեփոխումների իրականացման ճանապարհին. Մերկել

17:31 • 21.11.13

Ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանում նախորդ տարիների ընթացքում իսկապես ուշադրության արժանի բարեփոխումներ են իրականացվել. նման գնահատականով է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում մեկնարկած «Ռազմավարություն՝ հանուն մեծ աճի» կարգախոսով 3-օրյա տնտեսական համաժողովի ընթացքում, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Ես գիտեմ, որ շատ բաների մասին դեռ կարելի է խոսել, որ Հունաստանում, հնարավոր է, ամեն ինչ այնպես չէ, ինչպես երևում է մեր՝ գերմանական տեսանկյունից։ Սակայն փոփոխությունները զգալի են»,- ասել է Մերկելը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ընթացիկ տարում Հունաստանն «ավելի շատ փող է ստանում, քան տալիս է»։

 

«Շատերը «եռյակից» (Եվրոպական միություն, Եվրոպական կենտրոնական բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ) չէին սպասում, որ Հունաստանը կհասնի դրան։ Ինչևէ, դա արվել է, և ես դրան հարգանքով եմ վերաբերվում»,- հավելել է կանցլերը։

 

Նրա կարծիքով՝ «ակնհայտ են նաև առաջին հաջողությունները եվրոյի փրկության քաղաքականության հարցում»։ Այդ մասին վկայում է, մասնավորապես, այն հանգամանքը, որ «Իռլանդիան և Իսպանիան կրկին կանգնած են իրենց սեփական ոտքերի վրա»։

 

Մերկելը նշել է, որ դրանք երկու դրական օրինակներ են, և ընդգծել է, որ Պորտուգալիան նույնպես հաջողությամբ զարգանում է։