Պետդումայի պատգամավորն առաջարկում է մահապատժի ենթարկել ներգաղթյալ հանցագործներին

11:26 • 21.11.13

ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ - դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոման Խուդյակովը պատրաստել է օրինագիծ, որը մահապատիժ է սահմանում հանցագործ ներգաղթյալների համար։

 

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, նրա այս նախաձեռնությանն աջակցում են որոշ գործընկերներ։
Օրինագծի հեղինակը վստահ է, որ երկիրը կարող է «խեղդվել արտերկրից ժամանող քրեականից»։

 

«Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա եկածներն ու նրանք, ովքեր դեռ գալու են, կարող են գողանալ, սպանել, թալանել։ Միայն խստացված միջոցառումները, ինչպես, օրինակ, ցմահ ազատազրկումը, մահապատիժը կամ արտաքսումը՝ 15 տարով, կարող են կանգնեցնել հանցագործին։ Ամերիկայում կա մահապատիժ։ Այլ երկրներում գողության համար կտրում են ձեռքը։ Իսկ մենք փորձում ենք լավ լինել բոլորի հետ»,-հայտարարել է Խուդյակովը։

 

Նա նշել է, որ օրինակ՝ ահաբեկչության դեպքում մարդիկ են զոհվում, նրանց հարազատները դժբախտանում են, իսկ մարդասպանները ցմահ ապրում են բանտում և ժողովրդի հաշվին սնվում. նաև նրանց հաշվին, ովքեր տուժել են կազմակերպված ահաբեկչությունից։

 

Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու, նույն կուսակցությունից պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը ևս աջակցում է Խուդյակովի մտադրությանը։

«Առանձնակի ծանր հանցագործությունների դեպքում մահապատիժ պետք է կիրառվի։ Ոչ մի տարբերություն չկա՝ դա ներգաղթյալն է իրականացրել, թե ռուսը»,-ասել է նա։

 

Վերջին շրջանում Ռուսաստանի իշխանություններն ուժեղացրել են պայքարը հանցավորության դեմ, որոնք իրականացնում են ներգաղթյալները։ Դրա պատճառը դարձել էր Մոսկվայի Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունն ու դրան հաջորդած անկարգությունները։