Մոսկվայի կենտրոնում «գողական հավաք» է կասեցվել. «օրենքով գողեր» են ձերբակալվել

12:52 • 21.11.13

Լուսանկարում՝ Գիզո Կարդավան

 

Մոսկվայի «Տարաս Բուլբա» պանդոկում ՌԴ ՆԳՆ աշխատակիցների կողմից ընդհատվել է Գելա Կարդավայի քրեական կլանի ներկայացուցիչների հերթական «գողական հավաքը», տեղեկացնում է «Прайм Крайм» կայքը։

 

Ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են «օրենքով գողեր» 42-ամյա Մամուկա Չկադուան, Գելա Կարդավայի 35-ամյա եղբայր Գիզոն և վերջերս «թագադրված» «օրենքով գող» Ռաշադ Իսմաիլովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռաշադ Գյանջինսկի։

 

Օպերատիվ տվյալներով՝ հավաքի նպատակն էր պարզել, թե ինչպես պահպանել ազդեցությունը ղեկավարի բացակայության պայմաններում, որն արտաքսվել է երկրից։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձերբակալված «օրենքով գողերից» երկուսը ՌԴ-ում անօրինական են գտնվել, նրանց ևս արտաքսում է սպառնում։