Պարգևների հանձնման արարողություն Ռումինիայում ՀՀ դեսպանությունում

19:51 • 21.11.13

Նոյեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում կայացել է հայոց լեզվի ուսուցման բնագավառում աչքի ընկնող գործիչների պարգևատրման արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Կրթության և գիտության ոլորտում ունեցած ավանդի և հայապահպան գործունեության համար Հայաստանի կրթության և գիտության նախարարության պատվոգրերով պարգևատրվել են հայերենը՝ որպես օտար լեզու դասավանդման «Կռունկ Հայաստանի» քառահատոր դասագրքի հեղինակ, Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր Աիդա Մարկոսյանը և ռումինահայերի համար արևմտահայերենի դասագրքի հեղինակ, Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցի վաստակաշատ մանկավարժ, պրոֆեսոր Ուլնիա Բլանարու Մականյանը:

 

Մատաղ սերնդի հայապահպան դաստիարակության, կրթության գործում ունեցած ավանդի համար ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով խրախուսվել է Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցի արևելահայերենի և արևմտահայերենի ուսուցիչներ Արշալույս Պարոնյանը և Նարինե Բոգդան Կաուշը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու համար Սփյուռքի նախարարության հավաստագիր է հանձնվել Բելա Մարտիկյանի ղեկավարած Բուխարեստի «Վարդավառ» պարախմբին:

 

Պարգևատրման պաշտոնական արարողությանը մասնակցել են Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ՌՀՄ փոխնախագահ Սիրուն Թերզյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԷՍԿՕ-ի ամբիոնի վարիչ դոկտոր Լևոն Չուքասզյանը, ինչպես նաև՝ համայնքի անդամներ:
Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը ՀՀ կառավարության անունից երախտիքի խոսք է հղել սփյուռքում հայապահպանության գործում մեծ ավանդ ունեցող հայոց լեզվի ուսուցիչներին, որոնց ուսերին է դրված սփյուռքի երիտասարդությանը հայ դաստիարակելու պատասխանատու գործը: