Նոյեմբերին Աֆղանստան կմեկնի հայ խաղաղապահների թերևս՝ վերջին խումբը
Հայաստանը նոյեմբերի 23-ին Աֆղանստան կուղարկի խաղաղապահ ուժերի հերթական խումբը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների թիվը մոտավորապես մեկ դասակի կազմի չափ է:
Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ներկայում Աֆղանստանում գտնվող հայ խաղաղապահները Հայաստան կվերադառնան միայն այն ժամանակ, երբ նոր խումբը տեղ հասնի:
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ շաբաթ օրը Աֆղանստան մեկնող խաղաղապահների խումբը վերջինն է, քանի որ այդ երկիր կրկին զորք ուղարկելու որոշում դեռևս չկա: Իսկ թե ո՞րն է որոշման բացակայության պատճառը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ, սովորաբար, նման առաջարկությամբ հանդես է գալիս ՀՀ կառավարությունը և հաստատում է Ազգային ժողովը, իսկ կառավարությունը նման առաջարկով դեռևս հանդես չի եկել: Տիգրան Բալայանը նաև նշեց, որ Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման համար օժանդակող բոլոր երկրների մասնակցության ձևաչափը 2014թ. փոխվելու է:
«Համաձայնություն պետք է ձեռք բերվի մասնակցության այլ ձևաչափի մասին: Իսկ թե ինչ ձևաչափով կլինի դա՝ դեռևս քննարկման փուլում է»,-ասաց նա:
Նշենք որ, այս պահին հայ խաղաղապահներ կան նաև՝ Կոսովոյում, իսկ ներկայում քննարկվում է Լիբանան խաղաղապահեր ուղարկելու հարցը: Այստեղ Հայաստանը երբևէ խաղաղապահ զորք չի ուղարկել:










