Ապօրինի ձայնագրություն կատարելով` ցանկացել են Սամվել Հովհաննիսյանի դեմ գործ սարքել. ՔԿՀ վարչության նախկին պետի պաշտպան
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ շարունակվել է քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:
Նախորդ դատաքննությունը հետաձգվել էր, քանի որ գործով վկաները նիստին չէին ներկայացել:
Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է կալանավոր Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ՝ Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքի հիման վրա: Ռ. Տոնոյանը ցուցմունք էր տվել այն մասին, թե իբր՝ Ս. Հովհաննիսյանն իրեն է պատվիրել այդ մահափորձը:
Մեղադրանքի հիմքում դրվել է վկա Ռոբերտ Տոնոյանի կողմից տրված միակ ցուցմունքը, որն էլ նա հիմնավորել է Սամվել Հովհաննիսյանի հետ հեռախոսազրույցների ձայնագրմամբ, որոնք չեն հանդիսանում բնօրինակ նյութեր (կրկնօրինակներ են կրիչների վրա):
Ս. Հովհաննիսյանի պաշտպանական կողմը գտնում է, որ «Էլեկտրոնային կրիչներ ներկայացնելու մասին» արձանագրությունը, որը կազմվել է ՀՀ ԱԱԾ կողմից, պետք է հանել ապացույցների շարքից, քանի որ նշված արձանագրությունը կազմվել է ՀՀ քր. Դատ. օր-ի 227-228 հոդվածների էական խախտմամբ`առանց ընթերակաների մասնակցության, ավելին՝ այն կնքվել է թիվ 2 կնիքով, այց երբ ուղարկվել է փորձագետներին, պարզվել է, որ կնքված է թիվ 13 կնիքով:
Նշենք, որ սկսած առաջին դատական նիստից՝ հունիսի 25-ից, գործով վկա Ռոբերտ Տոնոյանը և նրա կինը՝ Մարինե Սարգսյանը, չէին ներկայացել նիստերին:
«Ակնհայտ է, որ Ռոբերտ Տոնոյանը, որը նախկինում մի քանի անգամ տարբեր խարդախությունների մեղադրանքով դատապարտվել է՝ շարունակ ինչ-որ պատմություններ հորինելով, որտեղ ոչ մի տրամաբանություն չկա, ցանկացել է Սամվել Հովհաննիսյանի դեմ գործ սարքել՝ ապօրինի ձայնագրություններ կատարելով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ս. Հովհաննիսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ապա՝ հավելեց. «Իսկ այս նիստում Ռոբերտ Տոնոյանի տված անտրամաբանական ցուցմունքն էլ դրա վկայությունն էր: Ռոբերտ Տոնոյանն անթույլատրելի գործողություններով է զբաղվել՝ անձին անօրինական ձայնագրելով»:
Գործով այլ վկաներ չլինելու պատճառով դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 28-ին:










