Եվրասիական հանձնաժողովում ստեղծվել է Հայաստանի ՄՄ անդամակցության հարցերով աշխատանքային խումբ. Տ. Սարգսյան

11:53 • 21.11.13

Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին: Այսօր մինչ Կառավարության հերթական նիստն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով իր՝ Ռուսաստան կատարած այցի մանրամասները: Վարչապետը նշեց, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի ու Հայաստանի մասնագետները:

 

«Խնդիր է դրված, որ հստակ պատկերացում կազմվի, թե ինչ ծավալի աշխատանք մենք պետք է իրականացնենք, ու աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը: Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում, ու դրանով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում մենք ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Վարչապետն ընդգծեց, որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, և Հայաստանն արդեն պետք է պատրաստ լինի ըստ ոլորտների անելիքները ներկայացնելու համար: Արդեն դեկտեմբերին պետք է պատրաստ լինի ճանապարհային քարտեզը ու այն ներկայացվի նախագահներին:

 

Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ Սանկտ-Պետերբուրգում հանդիպում է ունեցել վերոնշյալ երեք երկրների վարչապետերի հետ ու քննարկել ՄՄ-ի անդամակցության խնդիրները:

 

«Նրանք խոստացել են օժանդակություն, որ մենք ձեզ հետ միասին կարողանանք պատշաճ ձևով այս փաստաթղթերը պատրաստել»,-ասաց նա: