Զբոսաշրջության շուկայում Հայաստանն աշխարհում 79-րդ տեղում է. Վահրամ Ավանեսյան

13:19 • 21.11.13

Կառավարությունն այսօր հաստատեց Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ծրագիրը բաղկացած է շուրջ 41 գլուխներից և սրա հիմնական նպատակը զբոսաշրջության ավելացումն է ՀՀ-ում:


«Այս ոլորտում 140 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը»,-ասաց նախարարը:


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե հատկապես որ ցուցանիշներով է Հայաստանը հետ մնում, ինչին նախարարը պատասխանեց՝ ասելով, որ դրանց մեջ առանձնանում է հատկապես օդափոխադրումների խնդիրը, սակայն միաժամանակ նշեց, որ խնդիրները իրականում շատ են:


Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը հյուրանոցների ոլորտում բարձր ցուցանիշներ ունի՞, ինչին նախարարը պատասխանեց. «Հյուրանոցների մասով հաշվի են առնում դրանցում տեղերի թիվը՝ համեմատելով բնակչության թվի հետ: Հյուրանոցային կոմպոնենտով բավական ցածր տեղ ենք զբաղեցնում, հարյուրակի սահմաններում ենք»։


Նախարարը նաև ավելացրեց, որ չնայած վերջին տարիներին այս ոլորտում որոշակի առաջընթաց է արձանագրվել, ԱՊՀ երկրների շրջանակներում էլ առաջնային տեղ չենք զբաղեցնում:


Ըստ Տիգրան Սարգսյանի՝ սա նշանակում է, որ պետք է նոր ներդրումներ կատարել այս ոլորտում։