Թուրք պաշտոնյան կողմ է աղջիկների և տղաների առանձին դպրոցներ ստեղծելուն

13:29 • 21.11.13

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Սադըք Յաքութը դեմ է տղաների և աղջիկների՝ միասին կրթություն ստանալուն, տեղեկացնում է CNN Turk-ը։

 

Յաքութի խոսքով՝ տղաների և աղջիկների համատեղ ուսուցումը մեծ սխալ է, որը Թուրքիան պետք է շտկի։ Նա կողմ է, որպեսզի Թուրքիայում առանձնացվեն տղաների և աղջիկների գիմնազիաները։

«Աստված տա՝ շուտով շտկվի անցյալում տեղի ունեցած այդ սխալը»,-ասել է նա։

 

Ավելի ուշ Յաքութը նշել է, որ լրագրողներն իրեն սխալ են հասկացել, և իր հայտարարությունը ոչ թե իշխող կուսակցության, այլ իր անձնական տեսակետն է։

 

Ավելի վաղ Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի հայտարարությունը, թե աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանները պետք է առանձնացնել։

 

Փոխվարչապետին «Անատոլիայի կանանց շարժում» իրավապաշտպան կազմակերպությունն արդեն դատի է տվել՝ այդ հայտարարությունը խտրականություն որակելով։