Ուկրաինան չիրականացրեց ԵՄ-ի պահանջը. Տիմոշենկոն զրկվեց արտերկրում բուժվելու հնարավորությունից
Ուկրաինայի խորհրդարանն այսօր մերժել է բոլոր 6 օրինագծերը, որոնք հնարավորություն կտային 7 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, խորհրդարանի այս որոշումն ընդդիմությունը որակել է «խայտառակություն»։ Արտերկրում բուժվելու հնարավորություն ընձեռող օրինագծին կողմ է քվեարկել 195 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։
Տիմոշենկոյի ազատ արձակումը Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապայմանն էր։ Որպես հարցի լուծում՝ երկրի ընդդիմությունն առաջարկում էր օրենք ընդունել կալանավորների՝ արտերկրում բուժման մասին, որը Կիևը, փաստորեն, չիրականացրեց։
Գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինան մտադիր է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել։ Մինչդեռ Ռուսաստանն առաջարկում է Կիևին անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը։










