Յուտայի Վոլսբուրգ փոքր քաղաքը մոռացել է ընտրություններ անցկացնել

12:13 • 21.11.13

Ամերիկյան Յուտա նահանգի փոքր քաղաքը ստիպված է եղել բաց թողնել քաղաքային իշխանությունների ընտրությունները, քանի որ աշխատակիցները մոռացել են պատրաստվել դրան, և դա առաջին անգամը չէ, գրում է The Washington Times-ը:

 

275 բնակիչ ունեցող Վոլսբուրգը, որը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիից 40 մղոն հեռավորության վրա, երկու տարի առաջ նույնպես չի կարողացել ընտրություններ անցկացնել:

 

Ընտրությունները պետք է կայանային նոյեմբերի 5-ին:

 

«Նրանք չեն գովազդել թեկնածուներին և պարզապես ոչինչ չեն արել: Երբ արդեն մոտ էր ընտրությունների օրը, նրանք զանգահարել են՝ հարցնելու, թե ինչ պետք է անեն»,- ասել է վարչական միավորի աշխատակից Բրենթ Թիտքոմբը:

 

Նրա խոսքով՝ քաղաքապետը և քաղաքային խորհրդի անդամները գաղտնի օրակարգ չեն ունեցել ընտրություններ չիրականացնելով, նրանք պարզապես մոռացել են:

 

Քաղաքն այնքան փոքր է, որ վճարվող անձնակազմ չունի, և քաղաքապետարանի գրասենյակում այդ օրը ոչ ոք չի պատասխանել զանգերին: Քաղաքապետի հոր խոսքով՝ քաղաքում այդ օրը մարդ չէր էլ լինի, որպեսզի ինչ-որ մեկն ընտրվեր: