Չինաստանում China Mobile-ի փոխնախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման

10:25 • 22.11.13

Չինաստանի Ցզիլին շրջանի դատարանը հաստատել է ավելի վաղ կայացրած վճիռը՝ Չինաստանի ամենախոշոր բջջային կապի օպերատոր China Mobile-ի նախկին փոխնախագահ Լու Սյանդունին ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

53-ամյա Լու Սյանդունը մեղավոր է ճանաչվել 4,1 միլիոն դոլարին համարժեք կաշառք վերցնելու համար: Գումարը նա վերցրել է 2003-ից 2011-ն ընկած ժամանակահատվածում, երբ պատասխանատու է եղել ընկերության մարքեթինգային քաղաքականության և թվային բիզնեսի համար, ինչպես նաև համակարգել է այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

 

Հաշվի առնելով դատարանում ներկայացված ապացույցները՝ Լու Սյանդունը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ունեցվածքի առգրավմամբ և ողջ կյանքի ընթացքում քաղաքական իրավունքներից զրկմամբ: