Հայաստանում կա 3 995 դատապարտյալ, իսկ 642-ի նկատմամբ համաներման ակտն է կիրառվել. ՀՀ ԱՆ խորհրդական
Հայաստանում այս պահի դրությամբ կա 3 995 դատապարտյալ: 2013թ. նոյեմբերի 20-ի տվյալներով՝ 642 դատապարտյալի նկատմամբ կիրառվել է համաներման ակտը: 125 անձանց նկատմամբ դատարանների կողմից է կիրառվել համաներման ակտը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն է կիրառված եղել:
Այս տվյալներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:
«Համաներման ակտի իրականացման գործընթացը դեռևս իրականացվում է, բայց մենք սպասում ենք մի քանի տեղեկությունների, որոնց արդյունքում տվյալ ակտը կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ դեռևս չի կիրառվել: Համապատասխան հարցումներ են կատարվում, թե արդյոք տվյալ անձանց նկատմամբ կա՞ն գույքային պարտավորություններ, կամ արդյոք կա՞ն համաներման ակտը կիրառելու սահմանափակումներ»,- տեղեկացրեց բանախոսը:
Անդրադառնալով այն երևույթին, որ ազատ արձակվելուց հետո նույն մարդը որոշ ժամանակ անց կրկին հայտնվում է անազատության մեջ, Ն. Առուստամյանն ասաց, թե 2011 թ. համաներման ակտի արդյունքներով կրկնահանցագործությունների թիվը կազմում է 5.8%: «Եթե համեմատենք այլ երկրների տվյալների հետ, ապա սա դրական ցուցանիշ է: 2013-ի տվյալները դեռ հստակ չեն, չենք կարող բացառել, որ կրկնահանցագործություններ կլինեն»,-ասաց ԱՆ խորհրդականը՝ համոզմունք հայտնելով, որ այդ ցուցանիշը ևս ցածր կլինի:
Բանախոսի հաղորդեց նաև, որ կրկնահանցագործությունը համաներման ակտի բացասական կողմերից մեկն է։ «Բայց այն այնքան էլ մեծ չէ, որպեսզի մենք դրանով կապակցված որևէ սահմանափակման գնանք: Համաներումը մարդասիրություն է, որը պետք է լինի»,-ավելացրեց Ն. Առուստամյանը:
Հիշեցնենք, որ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության նախագահի առաջարկությունը եղել էր ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:










