«Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով ծրագիր կիրականացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում

11:29 • 22.11.13

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կիրականացնի «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:

 

Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

Երևանում ծրագիրն անցկացվում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ: Երևանի հինգ բուհերում ուսանողներին կտրամադրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները մեկ անգամ ևս կիրազեկվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կդիտեն ֆիլմ` վերջինիս մասին, կծավալվեն քննարկումներ, երիտասարդները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կներկայացվի և կկարևորվի ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը` առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար, որից հետո ցանկացողները կստանան խորհրդատվություն և կհետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

 

ՀՀ մարզերում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների կողմից ևս կկազմակերպվեն սեմինար-քննարկումներ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ֆիլմի դիտումներ, մեծ թվով երիտասարդների կտրամադրվեն տեղեկատվական նյութեր:

 

Այսօր Եվրոպայում ՄԻԱՎ-ով ապրող 2,3 մլն մարդկանցից երեքից մեկը չգիտի ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակի մասին: Հիվանդությունն ունի երկարատև՝ միջինը 8-10 տարի շարունակվող թաքնված անախտանշանային շրջան, որի ընթացքում վարակված մարդը կարող է առողջական վիճակից որևէ գանգատ չունենալ և ունենալ միանգամայն առողջ տեսք: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց շուրջ կեսի մոտ ախտորոշումը հաստատվում է հիվանդության ուշ փուլերում՝ դառնալով բուժումն ուշ սկսելու պատճառ, ինչն էլ իր հերթին անդրադառնում է բուժման արդյունավետության վրա: Նման իրավիճակը պայմանավորված է հիմնականում նրանով, որ մարդիկ չեն հետազոտվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը: